Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերի առաջին էջերում այսօր դոլարի փոխարժեքի երեկվա ցատկի առեղծվածն է: «Ո՞վ է փոխում խաղի կանոնները», - հարց է դնում «Հայաստանի Հանրապետություն» թերթը: «Առքի ու վաճառքի գների հարաբերակցությունը, ըստ մասնագետների, խոսում է այն մասին, որ «չենջիստները» սպասում են դոլարի թանկացմանը։ Նույն մասնագետների կարծիքով, դոլարն իսկապես մի փոքր կթանկանա՝ մինչեւ նավթ եւ սիգարետ ներմուծողների հաջորդ գրոհը», - նշում է «Առավոտ»-ը։ «Հայոց աշխարհ» թերթի ձեւակերպմամբ՝ երեկ «դրամ-դոլար փոխարժեքի դիրիժորների բենեֆիսն էր». - «Դոլարի նման կայծակնային արժեւորումն ինքնըստինքյան հուշում էր, որ սրա տակ սպեկուլյատիվ ինչ-որ գործընթաց կա։ Այդ կախարդական ձեռքը միանգամայն իրական ու կլորիկ գումար դրեց գրպանը»։ «Հայաստանյան խոշոր գործարարը կարող է փոխարժեքի շուկայում երկու-երեք օր «խաղալ», քանի որ այն իրոք փոքր է», - «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը: «Երկու-երեք օր այս շաբաթ «կխաղան», երկու-երեք օր էլ մյուս շաբաթ եւ, ինչպես ասում են, ձեռքի հետ բավականին մեծ փողեր «կաշխատեն»: Դա հնարավոր համարո՞ւմ եք» հարցին Գաբրիելյանը պատասխանում է. - «Տեսականորեն հնարավոր է, գործնականում ես տեղյակ չեմ»: Իսկ «Հայկական ժամանակ»-ում ընդգծվում է, որ «աժիոտաժ հասարակ քաղաքացիները չեն կարող ստեղծել: Աժիոտաժ ստեղծելու համար փողի մեծ ծավալներ են պետք, ինչը հիմնականում կուտակված է հայտնի խմբերի մոտ». - «Դոլարի թեկուզ չնչին արժեվորումը օլիգարխների մոտ իրարանցում է ստեղծել: Վերջիններս չվստահելով Կենտրոնական բանկին, որոշել են շուկայից էժան «դոլար հավաքել»... Եվ ընդհանրապես», - ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը, - «եթե նման բան է տեղի ունեցել ԿԲ-ի պաշտոնական հորդորներից հետո, նշանակում է՝ մարդկանց արժանահավատ չեն թվացել Տիգրան Սարգսյանի հորդորներն ու պնդումները: Նշանակում է Հայաստանի քաղաքացիները բացարձակապես չեն վստահում ՀՀ Կենտրոնական բանկին մասնավորապես, եւ իշխանություններին` ընդհանրապես»:

Վերջին շաբաթվա քաղաքական ընթացքից «Իրավունք» թերթը առանձնացնում է. - «Իշխանամետ կուսակցությունները ձգտում են սահմանազատվել, մեղմ ասած, կիսակրիմինալ եւ օլիգարխիկ շրջանակներից: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որը դատապարտեց 34 իշխանամետ ու ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը Սեւանում քրեական տարրերի կողմից իրագործված սադրանքի վերաբերյալ, կամա թե ակամա հրապարակավ կանգնում է կրիմինալի կողքին»: «Իրավունք»-ի մեկնաբանի նախանշմամբ, առաջիկայում «հայաստանյան վարչախմբին կարող են սպասվել նորանոր տհաճ անակնկալներ». - «Վերջին շրջանում Հայաստանի նախագահի յուրաքանչյուր շփումը աշխարհի հզորների հետ ուղեկցվում է նրա համար տհաճ խոսակցություններով: Առաջիկա օրերին էլ Մոսկվայում ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինի եւ նրա վարչակազմի ազդեցիկ դեմքերը գրեթե բաց տեքստով իրենց դժգոհությունն են հայտնելու Քոչարյանի վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունից»: «Հավանաբար, Ռուսաստանի նախագահը նույնպես կմիանա այն երկրների ղեկավարների շարքին, ովքեր այս կամ այն ձեւով նախագահ Քոչարյանից կպահանջեն իրական պայքար վարել երկրի ներսում վխտող կրիմինալի եւ իշխանության գրեթե բոլոր շերտերում ծաղկող կոռուպցիայի դեմ», - գրում է մեկնաբանը: «Իրավունք»-ում այսօր նաեւ մատնանշվում է. - «Մինչ վերջերս ամերիկյան կառույցները խուսափում էին ընդդիմադիր գործիչների կողքին բացահայտ երեւալուց: Բայց արդեն սկսվել է այդ կառույցների ներկայացուցիչների ցուցադրական ներկայությունը հայաստանյան ընդդիմադիր միջոցառումներին, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ը բավականին լրջորեն է մտածում այն հարցի մասին, թե ումով պետք է փոխարինվի Հայաստանի գործող նախագահը»:

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն սպառնում է վերածվել ընտրությունների կրկնօրինակի», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Այսինքն` իշխանություններն անելու են հնարավոր ամեն բան՝ հանրաքվեից դրական արդյունքներ պոկելու համար, ընդդիմությունն իրեն չի խնայելու, որպեսզի հաջողացնի այս անգամ եւս տապալել հանրաքվեն: Իսկ մեզ, այսինքն՝ ժողովրդին, դարձյալ բաժին է ընկնելու ստատիստի ոչ այնքան նախանձելի դերը, որին ամենեւին էլ պետք չէ գիտենալ, թե այդ ինչ փոփոխություններ են կատարվելու Սահմանադրությունում: Ասենք, ի՞նչ տարբերություն, եթե նրանից, թե ինչ է գրված մեր Սահմանադրությունում, ոչինչ կախված չէ: Մեր իշխանություններին Սահմանադրությունը պետք է թերեւս միայն նրա համար, որ այն կարողանան խախտել: Այն Սահմանադրությունը, որը կգոհացնի Վենետիկի հանձնաժողովին, մեր իշխանությունները ստիպված կլինեն խախտել մի փոքր ավելի, քան գործողը: Տարբերությունը միայն սա է»: «Այբ-Ֆե» թերթի ուրվագծմամբ, 2003-ին Քոչարյանը կարողացավ Եվրոպայի խորհրդին համոզել, թե ինքը անկեղծորեն մտադիր էր բարեփոխել Սահմանադրությունը, բայց փաթեթը մերժվեց հանրության կողմից: «Հիմա էլ նույն խաղն է կրկնվում... Քոչարյանն ինքնակամ իր իշխանությունը չի սահմանափակի: Ուրիշները պետք է սահմանափակեն», - հերթական անգամ բխեցնում է «Այբ-Ֆե»-ն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG