Մատչելիության հղումներ

Օսկանյանը Մինսկի խմբի համանախագահների հետ կհանդիպի Լեհաստանում


«Իմ հանդիպումը [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների հետ, արդեն համարյա թե որոշվել է, կլինի Լեհաստանում նախագահների հանդիպումից ավելի շուտ», - հինգշաբթի օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները Օսկանյանի ադրբեջանցի պաշտոնակցի հետ արդեն հանդիպում ունեցել են Ֆրանկֆուրտում ապրիլի 27-ին: Պատասխանելով հարցին, թե ինչու ինքը այդ հանդիպմանը չի մասնակցել, Օսկանյանը կրկին ասաց, որ իր հետ հանդիպում Ֆրանկֆուրտում նախատեսված չէր:

«Որովհետեւ ինձ համար նաեւ այդ ժամկետները անընդունելի էին, եւ նրանք [համանախագահները] նախօրոք գիտեին այդ մասին», - ասաց նա՝ բացատրելով, որ այդ օրերին իր օրակարգը ծանրաբեռնված էր:

Նախարարը ասաց, որ ինքը միշտ պատրաստ է հանդիպել ինչպես համանախագահների, այնպես էլ Էլմար Մամեդյարովի հետ:

«Ուղղակի կարիքը պետք է թելադրի, թե նման հանդիպումը երբ եւ ինչ ֆորմատով կարելի է անցկացնել», - ավելացրեց նա:

«Նախարարների հանդիպման կարիք մենք իսկապես չէինք զգում: Համանախագահներն էլ դրա վրա չպնդեցին: Երեւի իրենք էլ նկատել էին, որ ինչ նախարարները հնարավոր էր անել՝ արել են, եւ նախագահները արդեն հաջորդ քայլը պետք է անեն», - շարունակեց Վարդան Օսկանյանը: - «Իմ գնահատականով, իսկապես այդպես է: Մեկ ամիս առաջ մենք հասել էինք մի տեղ, որ արդեն ակնհայտ երեւում էր, որ մեր լիազորությունները արդեն սպառվել են ինչ-որ հարցերում առաջընթաց արձանագրելու, եւ խնդիրը արդեն պետք է տեղափոխել նախագահներին»:

Վարշավայում մայիսի 15-16-ին Եվրախորհրդի գագաթնաժողովի օրերին նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման նախնական պայմանավորվածություններ արդեն կան:

Վարդան Օսկանյանը ասաց, որ Վարշավայում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնարավոր հանդիպման մասին այս պահի դրությամբ «որեւէ պայմանավորվածություն չկա»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG