Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկը կոչ է անում «չենթարկվել տագնապի»


Հայաստանյան արտարժույթի շուկայում այսօր ազգային դրամը, որ վերջին տարվա ընթացքում շարունակաբար արժեվորվում էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, կտրուկ արժեզրկվեց շուրջ 10 տոկոսով:

Արտարժույթի փոխանակման կետերում միջօրեին ԱՄՆ մեկ դոլարի վաճառքի գինը հասել էր մինչեւ 490 դրամի, մինչդեռ չորեքշաբթի օրը Կենտրոնական բանկը փոխարժեքը սահմանել էր 441 դրամ: Ավելի ուշ, ակնհայտորեն Կենտրոնական բանկի միջամտությունից հետո, փոխարժեքը կայունացավ 460 դրամի սահմաններում:

«ՀՀ կենտրոնական բանկը միջոցառումներ է իրականացնում թե' շուկայում դրամի իրացվելիության բնականոն մակարդակի, թե' փոխանակման կետերում գործարքների օրինականությունն ապահովելու համար», - ասված է Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ: - «ՀՀ Կենտրոնական բանկը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չենթարկվել տագնապի եւ չզոհաբերել իրենց խնայողությունները կեղծ լուրերին անխուսափելիորեն հետեւող հակադարձ տատանողականության բերած վնասներին»:

Հայտարարության մեջ պնդվում է, թե ԱՄՆ դոլարի փոխարժեքը «ցուցաբերում է բավական մեծ տատանողականություն, որը վերջերս զանգվածայնորեն շրջանառվող, սակայն անգամ մակերեսային հիմնավորում չունեցող փոխարժեքի մակարդակի արհեստականության մասին վարկածի արդյունքն է»:

«Տվյալ իրավիճակում արհեստածին է միայն այն աժիոտաժը, որն առաջացրել է վերոհիշյալ սին վարկածը», - ասված է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, սակայն, այսօր ավելի վաղ, ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել փոխարժեքի նման կտրուկ տատանումները, ասաց. - «Դժվարանում եմ ասել: Մենք ձեզ հետ միասին հետեւում ենք իրադարձություններին»:

Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական դրամը շուրջ 25 տոկոսով արժեվորվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ: Կենտրոնական բանկը դա շարունակաբար բացատրում էր արտասահմանում աշխատող հայերի կողմից տուն ուղարկվող բազմամիլիոնանոց դոլարային հոսքով:


Կարինե Քալանթարյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG