Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների քննարկումը սկսեց կոալիցիայի նախագծից


Ազգային Ժողովը սահմանադրական փոփոխությունների քննարկումն այսօր սկսեց խորհրդարանական մեծամասնության նախագծից: Կան նաեւ Արշակ Սադոյանի եւ ՄԱԿ (Միացյալ աշխատանքային կուսակցություն) խմբակցության նախագծերը: Երեք նախագծերը քննարկվելու են շրջանառության դրված ժամկետների հերթականությամբ, եւ առաջին ընթերցումից հետո ընտրվելու է մեկ տարբերակ:

Հունիսի սկսզբին Հայաստան կժամանեն եվրոպական փորձագետները՝ տեղում քննարկելու արդեն ընտրված տարբերակի փոփոխությունները:

Կոալիցիայի նախագիծն առաջարկում է, որ երկրի նախագահը վարչապետին նշանակի՝ խորհրդակցելով Ազգային Ժողովի խմբակցությունների հետ: Եթե նորընտիր Ազգային ժողովը հավանություն չի տալիս նոր կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, վարչապետը երկրի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացնում: Բայց եթե Ազգային Ժողովը երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ վստահության քվե չի տալիս կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, երկրի նախագահն արձակում է Ազգային Ժողովն ու արտահերթ ընտրություն նշանակում:

Եթե հանրաքվեով ընդունվի խորհրդարանական մեծամասնության նախագիծը, փոփոխված Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի Ազգային Ժողովի նոր ընտրություններից հետո: Իսկ դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում կձեւավորվի արդարադատության խորհուրդը, նույն ժամկետում երկրի նախագահը կնշանակի Երեւանի քաղաքապետին: Այս տրամաբանությունն ամրագրված է խորհրդարանական մեծամասնության սահմանադրական փոփոխությունների նախագծի անցումային դրույթներում:

Այսինքն, հանրաքվեով հաղթելու (եւ արտահերթ ընտրությունների բացառման դեպքում) հնարավոր պատկերն այսպիսին կլինի. 2007 թվականի գարնանն ընտրվում է նոր խորհրդարանը, ուժի մեջ է մտնում փոփոխված Սահմանադրությունը, պաշտոնավարման վերջին տարում գտնվող նախագահ Քոչարյանը նշանակում է Երեւանի քաղաքապետին, ձեւավորվում է արդարադատության խորհուրդը: Մինչ այդ երկրի նախագահն է արդարադատության խորհրդի նախագահը:

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանի կարծիքով, նման հետաձգումը «անընդունելի մոտեցում է»:

«Սահմանադրական փոփոխությունների հույժ անհրաժեշտությունը հենց այսօր կա», - փաստարկեց Պողոսյանը: - «Դա առաջին հերթին քաղաքական դրդապատճառներ ունի: Կարծում եմ, որ գործող նախագահը, այնուամենայնիվ, ելնում է այն կանխավարկածից, որ որեւէ արագ փոփոխություն հիմա անհրաժեշտ չէ, եւ պետք է սպասել առնվազն մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները: 2007 թվականին, եթե մինչեւ այդ արտահերթ կամ արտառոց իրադարձություններ տեղի չունենան, գործող նախագահը պետք է փորձի իր համար ստեղծել մեծամասնություն կամ ինքը դառնա այդ մեծամասնության կրողը»:

Խոսելով Երեւանի քաղաքապետի նշանակման խնդրին, Պողոսյանը ասաց. - «Եթե Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի ճնշման ներքո, այնուամենայնիվ, կոալիցիան ընդունի, որ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրովի լինի, այդ դեպքում կա սողանցք՝ սպասել մինչեւ 2007 թվականը»:

Նրա կարծիքով, իշխանությունների համար քաղաքական տեսակետից ընդունելի չի լինի 2005-2006-ին անցկացնել քաղաքապետի ուղղակի ընտրություններ:

«Որովհետեւ դա մի նոր, մեծ մարտահրավեր է լինելու իշխանությունների համար», - բացատրեց Վարդան Պողոսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG