Մատչելիության հղումներ

«Ղ-Տելեկոմ»-ն ու «ԱրմենՏել»-ը դեռեւս չեն ստորագրել լծորդման պայմանագիրը


Լծորդման պայմանագիրը Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ի եւ «ԱրմենՏել»-ի միջեւ դեռեւս չի ստորագրվել, թեեւ, ըստ նախնական պայմանավորվածության, ցանցերի լծորդման պայմանագիրը պետք է վաղուց ստորագրված լիներ, եւ «Ղ-տելեկոմ»-ի առաջին փորձնական զանգն էլ պետք է հնչեր մարտի 15-ին:

Մարտի 16-ին հրավիրած ասուլիսում «Ղ-Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանը հայտարարել էր, թե «ԱրմենՏել»-ը «մտադրված խոչընդոտներ է ստեղծում», մրցակցությունը սկսում է «ագրեսիվ դրսեւորումներով»՝ ամեն կերպ աշխատելով հետաձգել «Ղ-Տելեկոմ»-ի մուտքը բջջային կապի շուկա:

Այդ ժամանակ դեռ հույս կար, թե երկրորդ օպերատորի առաջին փորձնական զանգը կարող է հնչել մայիսին: Ապրիլին «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Վասիսլիս Ֆետսիսը հայտարարել էր, թե իր ղեկավարած ընկերության եւ բջջային կապի երկրորդ օպերատորի միջեւ ցանցերի համակցման պայմանագիրը ստորագրվելու է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:

«Ղ-Տելեկոմ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ պայմանագիրը այսօրվա դրույթամբ ստորագրված չէ եւ ինքը չի կարող ասել, թե երբ կտորագրվի:

«Որովհետեւ դեռ որոշ հարցեր կան, որ չեն կարգավորվել», - բացատրեց Երիքյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ հարցերում կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:

Ռալֆ Երիքյանի խոսքերով, իրենք հավանաբար չափազանց լավատես էին, երբ կարծում էին, թե համաձայնությունը «ԱրմենՏել»-ի հետ կարճ ժամանակում ձեռք կբերվի:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե ինքը, իբրեւ կառավարող մարմնի ղեկավար, կողմերին պարտադրելու է ստորագրել պայմանագիրը: Նախարարի խոսքերով, պայմանագրի նախագիծը այս շաբաթ ինքը քննարկելու է «ԱրմենՏել»-ի եւ «Ղ-Տելեկոմ»-ի ղեկավարների հետ, եւ եթե կողմերը համաձայնության չգան, ապա ինքը կպարտադրի ստորագրել պայմանագիրը:

Մարտի 30-ին, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Անդրանիկ Մանուկյանը արդեն ասել էր. - «Եթե մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը լծորդման պայմանագիրը չստորագրվի, ապա նախարարությունը կպարտադրի համաձայնության գալ»:

Ռալֆ Երիքյանը այսօր նաեւ հույս հայտնեց, որ բաժանորդները «Ղ-Տելեկոմ»-ի ծառայություններից կկարողանան օգտվել սեպտեմբերից՝ վստահեցնելով, որ բջջային կապի որակը բարձր կլինի եւ սակագնային քաղաքականությունն էլ «դյուրալի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG