Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Նրանք, ովքեր այսօր հեղափոխական կոչեր են անում, օբյեկտիվորեն աջակցում են ներկայիս իշխանություններին», - սահմանում է «Առավոտ» թերթը: - «Նրանք, ովքեր ծաղրում են «միայն սահմանադրական ճանապարհով» կարգախոսը, կամա թե ակամա, ամրապնդում են այդ իշխանությունը, քանի որ բարիկադների դուրս գալու կոչերը պատրվակ են տալիս իշխանություններին դաժանորեն ճնշելու ցանկացած ընդդիմություն եւ այլախոհություն: «Փարաքարը փակելու» սպառնալիքը կոնսոլիդացնում է բոլոր բարձրաստիճան իշխանավորներին եւ օլիգարխներին»: «Դժվար թե Արամ Կարապետյանը դա չի հասկանում: Իսկ եթե հասկանում է, ուրեմն որոշակի դերակատարություն ունի», - բխեցնում է «Առավոտ»-ը՝ շաղկապելով. - «Այն, որ Արամ Կարապետյանը հայտնվել է իշխանական քարոզչության ուշադրության կենտրոնում, ավելի շատ հաստատում է ենթադրությունը, որ նրանք աշխատում են Կարապետյանի հետ համագործակցված: Իսկ որ նախագահը որոշել է գնահատական տալ մի ընդդիմադիրի, որն իր իշխանությանը որեւէ վտանգ չի ներկայացնում, խորացնում է հենց այդ կասկածները»:

Անդրադառնալով սեւանյան միջադեպի առիթով 35 կուսակցությունների ստորագրած հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի արձագանքին, «Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռում. - «Սովորաբար, երբ Քոչարյանը որեւէ հարցի հետ կապված հաթաթա էր տալիս կոալիցիային, այդ կուսակցություններում աննախադեպ խուճապ էր սկսվում, եւ բոլորը սկսում էին արդարանալ, թե իրենց ճիշտ չեն հասկացել: Հիմա Քոչարյանի արձագանքի կոալիցիոն պատասխանը, ըստ էության, առաջին դեպքն է, երբ Քոչարյանի հենարան երեք կուսակցությունները համարձակվում են չկատարել խմբակային անհարմար զգալու Քոչարյանի հրահանգը: Ավելին, նրանք վերահաստատում են իրենց դիրքորոշումն ու իրենց կուսակցությունների դրած ստորագրությունները»: «Կոալիցիայի կուսակցություններն այլեւս ոչ միայն պատերի տակ խոսելով, այլ կոնկրետ քայլերով ու դեմարշներով են սկսում տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը:

«Երեկ՝ մամուլի ազատության համաշխարհային օրը, իշխանություններին հասցեագրված մեղադրանքներն առավել քան բավարար էին: Ասել է թե՝ ոչ մի խոսքի ազատություն էլ մեզանում չկա, ըստ որում, առանձնակի վատ է այդ առումով հեռուստատեսության իրավիճակը: Իրականում ամենեւին էլ այդպես չէ», - գրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Ուշադիր դիտեք լուրերի թեկուզ մեկ թողարկում ու կտեսնեք, որ հայրենի հեռուստաալիքները հեռուստադիտողներին ներկայացնում են մեր իրականության ամբողջական ու հստակ պատկերը՝ ներկայացնելով ավելին, քան իշխանության ցանկացած ընդդիմախոս: Պետական հեռուստատեսությունը ցույց է տալիս պատգամավորական երեսպաշտությունը միանգամայն բացահայտորեն՝ առանց ժողովրդի ընտրյալների խայտառակ հատկությունները թաքցնելու եւ կոծկելու որեւէ փորձերի: Խորհրդարանի առջեւ ելույթ ունեցող նախարարներին նույնպես հեռուստատեսությունը խայտառակում է ամենայն շիտակությամբ: Եվ ռեպորտաժներում մեջբերվող նրանց ելույթների հատվածներից միանգամայն ակնհայտ է դառնում, որ նախարարները ոչինչ չգիտեն քաղաքացիների կյանքի մասին»: «Իսկ եթե մեզանում տեղի է ունենում կարեւոր մի բան, որը սնունդ է տալիս մտորելու իշխանության բնույթի մասին, հեռուստատեսությունն անտեսում է այդպիսի իրադարձությունը՝ բարեկամաբար նշան տալով հեռուստադիտողին. «Ուշադրություն դարձրեք: Եթե հեռուստատեսությունն ինչ-որ բանի մասին լռում է, նշանակում է դա իսկապես կարեւոր է»: Այնպես որ, պետք է պարզապես ուշադիր դիտել լուրերը. եւ ամեն ինչ պարզ ու հասկանալի կլինի», - եզրափակում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը:

«Նախորդ օրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրությունը: Էլի ամեն ինչ լավ է, շատ լավ: Ըստ այդ վիճակագրության, մեր տնտեսությունն էլի աճել է, ճիշտ է, ոչ երկնիշ թվերով, բայց 7,8 տոկոսն ունենք: Հաստատ կլիներ երկնիշ, ասենք՝ մի 10-15 տոկոս, եթե Քոչարյանն այս տարվա սկզբին ասած լիներ, թե այս տարվա առաջին եռամսյակում մեր տնտեսական աճը պետք է երկնիշ լինի: Բայց», - հուսադրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, - «ամեն ինչ դեռ առջեւում է` հավանաբար երկնիշ աճի մասին հայտարարությունն էլ կլինի, աճն էլ կգրանցվի: Համենայնդեպս ներքաղաքական իրավիճակն է դա պարտադրում»: Իսկ փաստացի «Հայկական ժամանակ»-ում շեշտված է հատկապես, որ շարունակվում է «ավելի շատ սպառելու եւ ավելի քիչ ստեղծելու միտումը». - «Գրեթե բոլոր ապրանքատեսակներով պատկերը նույնն է` արտահանումը նվազել է կամ աճել շատ քիչ, իսկ ներմուծումն աճել է զգալիորեն... Դրամի արժեվորման արդյունքում կա վտանգ, որ այս պատկերն ավելի տխուր կդառնա»:

Ինչպես արձանագրում է «Ազգ» թերթը, վերջին օրերին թուրքական մամուլն անընդհատ արտահայտվում է հայ-թուրքական հարաբերությունների համար ստեղծված բարենպաստ մթնոլորտի մասին: «Եթե Վարշավայում իրողություն դառնա Քոչարյան - Էրդողան հանդիպումը, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նամակների փոխանակման միջոցով սկզբնավորված միջպետական շփումը կդառնա անմիջական, եւ միանգամայն կբարձրանա շփումների մինչ այդ առկա մակարդակը: Միայն թե», - վերապահում է անում մեկնաբանը, - «թուրքական կողմը չփորձի հանդիպման առիթը ծառայեցնել Հայոց ցեղասպանության հարցը միջազգային հանրության օրակարգից դուրս բերելու սեփական նկրտումներին: Դա ոչ միայն կմթագնի հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված բարենպաստ մթնոլորտը, այլեւ բարելավման հետագա նախաձեռնությունների հարցում կողմերի հետ կկաշկանդի նաեւ այդ ուղղությամբ ջանքեր գործադրող միջազգային ուժերին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG