Մատչելիության հղումներ

Մամուլի ազգային ակումբը 2005 թվականին «Մամուլի թշնամի» է հռչակել Հայաստանի ողջ պետական համակարգը:

Անձնավորված հավակնորդներ, այդուհանդերձ, եղել են, եւ նրանց ցանկը այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց Մամուլի ազգային ակումբի վարչության անդամ Նարինե Դիլբարյանը: Այդ ցանկում տեղ էին գտել նախագահ Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Աժ պատգամավոր եւ գործարար Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ կառավարող կոալիցիան:

Նշված հավակնորդներից որեւէ մեկը, սակայն, չի ստացել ակումբի անդամների ձայների մեծամասնությունը:

«Անիմաստ է անձնավորել 2005 թվականի Մամուլի թշնամուն՝ հաշվի առնելով, որ որեւէ մեկին նման «տիտղոսի արժանացնելը» չի արձանագրի ազատ խոսքի նկատմամբ իշխանությունների ծավալած համակարգային արշավի ողջ էությունը», - ասված է Մամուլի ազգային ակումբի հայտարարության մեջ: - «Փաստորեն, 2005 թվականի Մամուլի թշմանին Հայաստանի պետական համակարգն է, որը մի կողմից արտաքին աշխարհի համար հայտարարում է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մյուս կողմից՝ իրականում ոտնահարում է ժողովրդավարական պետության հիմնարար ինստիտուտների մեկի՝ ազատ խոսքի իրավունքները եւ խոչընդոտում անկախ մամուլի կայացմանն ու զարգացմանը»։

Ինչ վերաբերում է «Մամուլի բարեկամ» տիտղոսին, ապա դրան արժանի հավակնորդ Հայաստանում հերթական անգամ չգտնվեց:

Հայտարարությունն ընթերցելուց հետո Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն ու նրա գործընկերները նկատեցին, որ անցած մեկ տարում Հայաստանի զանգվածային լրատվության դաշտում առաջընթաց չի գրանցվել, անգամ հակառակը՝ նկատվել է պրոֆեսիոնալիզմի կորուստ եւ դրան նպաստել են ազատ խոսքին խոչընդոտող իշխանավորները:

Անցած երեք տարիներին «Մամուլի թշնամի» տիտղոսին հետեւողականորեն արժանանում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ միայն անցած տարի նա այդ «մրցանակը» կիսեց պատգամավոր Հրանուշ Հակոբյանի հետ, ով, ըստ Մամուլի ազգային ակումբի, խորհրդարանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի քվեարկությունից առաջ ապակողմնորոշել էր պատգամավորներին ու նպաստել էր օրենքի ընդունմանը:

Անցած տարիներին «Մամուլի թշնամԻ. տիտղոսի հավակնորդների ցուցակում տեղ էին զբաղեցրել նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ու Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը:

«Այս բոլոր մարդիկ այսօր էլ են շարունակում մնալ թեկնածուների ցուցակում», - ասաց Մամուլի ազգային ակումբի վարչության անդամ Վարդան Վարդանյանը: - «Բայց այս տարի որոշեցինք նրանց չանդրադառնալ ու թարմացնել ցանկը»:

Վերջերս հրապարակված «Ֆրիդոմ Հաուզ»-միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ մամուլի ազատությունների մասին տարեկան զեկույցում Հայաստանի մամուլը գնահատվել էր «ոչ ազատ»:

«Թեեւ Հայաստանը մեծ թվով անկախ եւ ընդդիմադիր տպագիր մամուլ ունի, իսկ Սահմանադրությունը պաշտպանում է խոսքի ազատությունը, կառավարությունն, այդուհանդերձ, շարունակում է սահմանափակել մամուլի լիակատար ազատությունը», - ասված էր զեկույցում:

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված «Մամուլ եւ ժողովրդավարական կառավարում» թեմայով քննարկման մասնակիցները այսօր արձանագրեցին, որ Հայաստանում ազատ խոսքը սահմանափակված է, որ գրաքննությունը, տեղեկատվություն ստանալու արգելքները հակաժողովրդավարական երեւույթներ են:

«Հայաստանում կան ուժեր ում ձեռնտու չէ ազատ մամուլը: Կամ նրանք ինչ-որ բան ուզում են թաքցնել կամ էլ դեռեւս չի վերացել նախկին, խորհրդային ավանդույթը», - ասաց քննարկման մասնակիցներից Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քիմբերլի Հարգնը: - «Այդուհանդերձ ժողովրդավարության եւ զարգացման համար ձեզ պետք է ունենալ ազատ մամուլ»:


Նանե Աճեմյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG