Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հաճախ իշխանություններն այն աստիճանի են հասցնում ժողովրդին, որ վերջինս պատրաստ է բարիկադների վրա գնալ յուրաքանչյուրի ետեւից, ով լավ կյանք կխոստանա: Սակայն բոլոր հեղափոխությունների ամենամեծ սխալը դա է՝ չի կարելի բարիկադներ բարձրանալ առաջին պատահածի ետեւից միայն այն բանի համար, որ գործող իշխանություններն ապաշնորհ են ու ավազակ: Այդ դեպքում կգան նոր ապաշնորհ ավազակներ», - կրկին օրախնդիր է համարում զգուշացնել «Առավոտ» թերթը:

Սեւանյան միջադեպի հետքերով «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրն այսօր գրում է. - «Արամ Կարապետյանը ոչ միայն հոգով, այլեւ խելքով վերածվելով նորածնի, իսպառ կորցրել է հիշողությունը։ Հպարտանում է թեկնածուներով ու դոկտորներով՝ մոռանալով, որ իր շրջապատի 38 տոկոսը դատված է եղել»: «Հայոց աշխարհ»-ը օրերս ձեւակերպել էր, որ ապրիլի 24-ի նախօրեին «սեւանյան շոուն» կարող էր կազմակերպել միայն մեր թշնամիների քաղաքական պատվեր կատարողը. - «Ամեն ինչ վկայում է, որ այդօրինակ վճարված պատվեր իսկապես իջեցվել է։ Եվ դա բոլորիս լրջորեն մտորելու առիթ պետք է տա»։

Վերջին օրերին, ըստ «Իրավունք» թերթի, ակնհայտ էր իշխանությունների անհանգստությունը այն կապակցությամբ, որ գրեթե ամբողջ քաղաքական դաշտը հանդես է գալիս ընդդեմ քրեական գործելակերպի. - «Կուսակցությունների հայտարարությունը, ըստ էության, Սերժ Սարգսյանը ընկալեց որպես հիմնականում հենց իր դեմ ուղղված, եւ պաշտպանության նախարարը այժմ հարկադրված է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, որպեսզի դիմակայի ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ներքին ուժերի ճնշումներին»: Միաժամանակ, մեկնաբանի հայացքով, նախարար Հովիկ Աբրահամյանին լրացուցիչ լիազորություններով օժտելը, նրան անվտանգության խորհրդի անդամ դարձնելը, ինչպես եւ «ՏԷՑ-ի կրուգի» արյունոտ իրադարձությունների կազմակերպիչներից մեկին՝ ռեցիդիվիստ բանգլադեշցի Համոյին ազատ արձակելը ոչ այլ ինչ էր, քան ցուցադրական մարտահրավեր, ինչպես ընդդեմ ամբողջ քաղաքական դաշտի, այնպես էլ կադրային նման քաղաքականությանը մեծ վերապահումով վերաբերող գերտերություններին: Մեկնաբանը շատ հավանական է համարում, որ այս ամիս Ջորջ Բուշի եւ Քոնդոլիզա Ռայսի տարածաշրջանային այցերից հետո հայաստանյան ընդդիմությունը կբացի «հեղափոխության երկրորդ ճակատ»:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս ՄքՀյույի երեկվա ասուլիսից առանձնացնելով, թե վերջինս փաստորեն վերահաստատեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը միջամտել է դրամի արժեվորմանը, «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը շեշտում է. - «Եթե ԿԲ-ն սկսել է միջամտել, ապա ի՞նչ երաշխիք, որ դա չի արել՝ դոլար-դրամ փոխարժեքի վրա խաղացող մեր օլիգարխների հետ իր քայլերը եւ ժամկետները համաձայնացնելով... Միաժամանակ, ԿԲ-ն նախընտրում է կոծկել դրամի արժեվորման բացասական հետեւանքները: Սա, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս», - ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը:

«Ֆրիդոմ Հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության մասին տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող գնահատականում նշվում է, թե «շատ քիչ թերթեր փն լիովին անկախ կառավարությունից կամ գործարար աշխարհից»: «Սա ցույց է տալիս զեկուցագրողների միատմությունը... Հայաստանում դրանք՝ կառավարությունն ու գործարար շահերը համարյա միեւնույն բանն են», - անդրադառնում է «Ազգ» թերթը: - «Մեծ բիզնեսը, եթե կա, կառավարության, ավելի շուտ պետական չինովնիկների ու պատգամավորների ձեռքում է, նույնիսկ թերթերը տարածող գլխավոր կազմակերպություններն են նրանց ձեռքում... Չինովնիկները թերթերին դատապարտում են «աղքատ ազգականի» կարգավիճակի, որի դեպքում թույլատրված ազատությունը դառնում է ազատության շղարշ, իմիտացիա, ինչից կրկին օգտվում են իրենք՝ բարձրադիր գրասենյակներում գտնվողները: Այսօր ունենք թերթեր, որոնք առանց վարձատրության ոչինչ չեն գրում: Ունենք նաեւ թերթեր, որոնք իրենց լռությունն անգամ ստիպված են ծախել», - նշում է «Ազգ»-ը: - «Հեռուստաընկերություններն էլ ընդամենը ազատություն ունեն գովազդելու, ոչ քաղաքական բնույթի ճաշակավոր թե անճաշակ հաղորդումներ պատրաստելու, նույնիսկ գռեհկաբանելու: Դրանք գործնականում ղեկավարվում են ոչ թե տխրահռչակ Ամալյանի հանձնաժողովի, այլ ավելի բարձրադիր մի գրասենյակից, որտեղ նստած մարդիկ իրենց անձեռնմխելի մենաշնորհն են համարում իրական քաղաքականության ոչ միայն մշակումը, այլեւ մատուցումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG