Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՀ-ի ներկայացուցիչը վստահեցնում է, որ Հայաստանում արժութային շուկայի իրավիճակը նպաստել է տնտեսության զարգացմանը


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս ՄըքՀյուն եւ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը երկուշաբթի օրը վստահեցրին, թե Հայաստանի արժութային շուկայում ստեղծված կացությունը դրամի գերարժեվորման հետեւանքով նպաստել է տնտեսության զարգացմանը:

«Մենք չենք կիսում այն տագնապը, որ երկիրը կանգնած է կործանման եզրին: Եվ մենք կարծում ենք, որ գոյություն ունեցող ռեժիմը բավականաչափ լավ ծառայել է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը», - այսօր հրավիրած ասուլիսում, որին մասնակցում էր ԱՄՀ-ի ներկայացուցիչը, ասաց Վաչե Գաբրիելյանը:

Ջեյմս ՄըքՀյուն, իր հերթին, փոխանցեց, թե իրենք լիովին կիսում են Կենտրոնական բանկի քաղաքականությունը, այդ թվում եւ փոխարժեքի հարցում, որն ուղղված է եղել գնաճի զսպմանը։

ԱՄՀ-ի ներկայացուցիչը փորձեց լրագրողներին վստահեցնել, թե օրեր առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցած տեղեկատվությունը դրամի արժեվորման վերաբերյալ իր հնչեցրած մտքերի առնչությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Թերթը փոխանցել էր ՄըքՀյուի տեսակետը, թե, ելնելով անցյալ տարվա բարձր գնաճի միտումներից, իրենք Կենտրոնական բանկին խորհուրդ էին տվել քայլեր ձեռնարկել այն կասեցնելու ուղղությամբ եւ այդ համատեքստում քաջալերել էին բանկի կողմից դրամի արժեվորման միջոցառումները։

ՄըքՀյուն հիշեցրեց, թե վերջին տարիներին դրսից Հայաստան դոլարի մեծ ներհոսք է եղել, առաջարկը գերազանցել է պահանջարկին, ինչը բերել է դոլարի արժեզրկմանը։

«Չպետք է մոռանանք, որ Հայաստանի տնտեսութունը վերջին տարիներին շատ եւ շատ արագ է աճել, եւ դա նորմալ է, որ ուժեղ արտադրողականության աճի դեպքում դրամը արժեվորվում է», - հավելեց հիմնադրամի ներկայացուցիչը.

Վաչե Գաբրիելյանը, վերահաստատելով Կենտրոնական բանկի նախկինում բերած հիմնավորումները, ասաց, թե բանկը շարունակելու է արտարժույթի շուկային չմիջամիտելու իր կուրսը, քանի դեռ գների աճի սպառնալիք չկա:

«Սահուն արժեվորում երբ լինի տնտեսության մեջ, դա բնականոն երեւույթ է», - ասաց Գաբրիելյանը:

Այսօրվա բանախոսներին հարց տրվեց՝ թե դրամի արժեվորումից շահած բիզնեսները արդյո՞ք համարժեքորեն վճարել են հավելյալ հարկեր պետական բյուջե: Ջեյմս ՄըքՀյուն, իր տարակուսանքը հայտնելով հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցուցակի առնչությամբ, ասաց, թե իր համար անակնկալ էր, որ այդ ցուցակում տեղ չեն գտել բազմաթիվ խոշոր բիզնեսներ, իսկ ցուցակ մտած 100 ընկերություններ ընդհանրապես շահույթ ցույց չեն տվել:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG