Մատչելիության հղումներ

Էրդողանը պատրաստվում է հանդես գալ «երկրորդ նախաձեռնությամբ»


Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, թուրքական «Զաման» թերթը կիրակի օրը հաղորդել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջարկել «դեմ առ դեմ» հանդիպում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մայիսին կայանալիք միջազգային հավաքներից մեկում:

Թերթը նշում է, թե Հայոց ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկից հետո սա կլինի Էրդողանի երկրորդ նախաձեռնությունը:

Էրդողանը եւ Քոչարյանը մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Երկրորդ աշխարահամարտում Հաղթանակի 60-ամյակի տոնական հանդիսություններին, ինչպես նաեւ մայիսի 15-16-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք Եվրախորհրդի գագաթնաժողովին:

Ըստ թուրքական թերթի, Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի օրերին: Նշվում է, որ հանդիպման ժամկետի եւ վայրի մասին առայժմ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հանդիպման հնարավորությունը «կարող է ստեղծվել» գագաթնաժողովի ընթացում՝ միաժամանակ չի բացառվում, որ հանդիպումը չկայանա:

«Զաման» թերթը նաեւ նշում է, որ, եթե հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, դա կլինի Հայոց ցեղասպանության թեմայով Հայաստանի եւ Թուրքիայի նման կարգի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ քննարկումը:

Ապրիլին Թուրքիայի վարչապետը նամակ էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»:

Ապրիլի 26-ին Հայաստանի նախագահը մերժել էր համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ փոխարենը առաջարկելով «առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG