Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե մենք կարող ենք միավորվել ցավի, բողոքի ու արդարության վերականգնման պահանջի կարգախոսերի ներքո, ապա ի՞նչ է խանգարում մեզ՝ հայերիս, նույն կերպ միավորվել հզոր Հայաստան կերտելու գաղափարի ու նպատակի շուրջ», - նորից հարց է արծարծում «Երկիր» շաբաթաթերթը՝ բողոքի եւ արդարության վերականգնման պահանջի կարգախոսերի տակ հաջողված միավորում ասելով նկատի ունենալով Ապրիլի 24-ը: Անդրադառնալով օրերս մամուլում հնչած մի դիտողության, թե Թուրքիայի վարչապետին պատասխանելիս ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չխորհրդակցեց ընդդիմության հետ, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը այսօր հնչեցնում է. - «Այդ ո՞ր իշխանությունը իրեն թույլ կտար երկխոսության նստել, ավելին, «խորհրդակցել» ընդդիմության լիդերների հետ, երբ սրանք օրական 50 անգամ հայտարարում են, թե իշխանությունը «լեգիտիմ չէ», «բռնազավթված է», «հանցագործ է» եւ առավոտից իրիկուն՝ երկիրը կործանում է»:

«Չնայած մեկ շաբաթ առաջ քաղաքական դաշտի հիմնական ուժերը՝ իշխանամետ թե ընդդիմադիր, այդ թվում եւ կոալիցիայի 3 կուսակցությունները իրավապահ մարմիններից պահանջեցին անհապաղ բացահայտել սեւանյան սադրանքի կազմակերպիչներին ու կատարողներին, այնուամենայնիվ, մինչ օրս իշխանությունները գործնական որեւէ քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել: Ավելին, ուժային կառույցները իրենց եռանդի սլաքն ուղղել են ընդդեմ այդ սադրանքից տուժած «Նոր ժամանակներ»-ի», - ամրագրում է «Իրավունք» թերթը: - «Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ավելի բարձր կարգավիճակ եւ լրացուցիչ հնարավորություններ ստացավ հասարակության կողմից, մեղմ ասած, դրականորեն չընկալվող այնպիսի պաշտոնյա, ինչպիսին է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը... «ՏԷՑ-ի կրուգի» դատի ընթացքն էլ վկայում է օլիգարխիկ կլանների ազդեցության գոնե այս պահին անսասանության մասին»: «Իրավունք»-ի մեկնաբանի խտացմամբ, այս ամենը վկայում է, որ «Հայաստանում իսպառ բացակայում է քաղաքական իշխանությունը, որպես այդպիսին, անգամ իշխանական հռչակված կուսակցությունները գործնականում գրեթե իշխանություն չունեն, եւ նրանց կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում, իսկ իրական իշխանությունը կենտրոնացված է կիսակրիմինալ կլանների եւ ուժային կառույցների ձեռքում»: Թերթի մեկնաբանը, միեւնույն ժամանակ, գրում է. - «Կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հենց այսօրվանից խորացնում են հակասությունները գործող կլանների միջեւ, եւ կանխատեսելի է, որ եթե մինչ աշուն Հայաստանում, ասենք, հեղափոխություն չլինի, ապա աշնանը համայնքապետական ընտրությունները կուղեկցվեն կատաղի բախումներով՝ ընդհուպ մինչեւ զենքի կիրառում»:

Վարչապետ Մարգարյանի որդու՝ թաղապետ առաջադրվելու առիթով «Առավոտ» թերթը արձանագրում է. - «Ինչ-որ անհասկանալի, զարմանալի զուգադիպությամբ հենց մեր պաշտոնատար անձանց կանայք եւ երեխաներն են դառնում հմուտ գործարարներ եւ ունեն հսկայական գույք: Ավելի՛ն, նրանք այնքան գումար ունեն, որ կարող են իրենց թույլ տալ մտնել մեծ քաղաքականություն, ուր առանց լուրջ գումար ներդնելու քեզ ոչ ոք չի սպասում: Անշուշտ, ոչ ոք իրավունք չունի արգելել պաշտոնատար անձանց զավակներին աշխատանքում առաջ գնա, բայց այսօրինակ երկրում հատկապես որոշակի տակտ ու զսպվածություն է պետք դրսեւորել»: Այս առումով «Առավոտ»-ում մատնանշվում է. - «Բոլորը վարչապետից հետաքրքրվում են, թե իր հարազատ որդուն համայնքապետ դարձնելու գործում ինքը կոնկրետ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել: Իսկ վարչապետն էլ նույնքան անկեղծորեն պատասխանում է, որ ոչ մի՝ բացի այն, որ բոլորը գիտեն, թե ում որդին է համայնքապետի սույն հավակնորդը: Իսկ մեր երկրում դրանից ավելի զորեղ օժանդակություն, ցավոք, չկա»:

«Դանդաղ, բայց հաստատուն քայլերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դառնում է ներքաղաքական օրակարգի հիմնական հարցը: Արեւմտյան տեխնոլոգները կարծում են, որ հենց այս հանրաքվեն կարող է դառնալ այն առիթը, որը Հայաստանում հնարավոր կդարձնի ժողովրդավարական հեղափոխությունը», - արժեվորում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Արեւմուտքը, փաստորեն, կատարում է իր խոստումը եւ Քոչարյանի իշխանությանը հնարավորություն չի տալիս խուսափել հանրաքվեից՝ այս հարցում կիրառելով աննախադեպ ճնշումներ: Արեւմուտքում կարծում են, որ նման իրավիճակի ստեղծումով իրենք չափազանց մեծ աջակցություն են ցույց տալիս հայաստանյան ընդդիմությանը՝ նրանց համար չեղած տեղից ստեղծելով մի իրավիճակ, որ կարող է հանգեցնել իշխանափոխության: «Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ՝ եթե ընդդիմությունը չի կարողանալու այնպես անել, որ հանրությունը «ոչ» ասի Քոչարյանի սահմանադրությանը, եւ այս «ոչ»-ը չի կարողանալու օգտագործել Քոչարյանին իշխանությունից զրկելու համար` ապացուցելով սեփական չգոյությունը, ի՞նչը պիտի խանգարի Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականին նախագահի թեկնածու առաջադրվել»:

Միջազգային արժութային հիմնադրամի Երեւանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքյուն երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում մի հայտարարություն է արել, որը «Հայկական ժամանակ»-ը որակում է սկալդալային. - «Մինչեւ այժմ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հրեշտակի տեսք ընդունած ասում էր, որ Կենտրոնական բանկը չի միջամտում դրամի փոխարժեքի ձեւավորմանը, քանի որ որդեգրել է լողացող կուրսի քաղաքականություն: Մաքյուի հայտարարությունը, սակայն, վկայում է, որ դրամի կուրսի անկումը կառավարելի է եղել ԿԲ-ի կողմից: Սա էլ իր հերթին կարող է պատկերացում տալ, թե կառավարվող կուրսի պայմաններում քանի միլիոն դոլար են վաստակել մեզ ու ձեզ հայտնի շրջանակները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG