Մատչելիության հղումներ

Ալիեւների գերդաստանի մեծարումը շարունակվում է


Հայր, մայր եւ որդի Ալիեւների մեծարումը Ադրբեջանում այս օրերին լայն թափ է ստացել՝ կապված Հեյդար Ալիեւի ծննդյան 82-ր տարեդարձի հետ: Երեկ Իլհամ Ալիեւին շնորհվել է Հեյդար Ալիեւի անվան շքանշանը՝ հարյուրավոր ադամանդներով զարդարված ոսկերչական գլուխգործոց: Ապրիլի 27-ին Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտում տեղի է ունեցել հանգուցյալ նախագահի ծննդյան 82-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով, իսկ «Բակի Կոնդիսիոների» գործարանում անցկացված գիտաժողովը նվիրված է եղել Հեյդար Ալիեւի կնոջ եւ Իլհամ Ալիեւի մոր՝ Զարիֆա Ալիեւայի ծննդյան 82-ամյակին:

«Բոլոր ասպարեզներում, այդ թվում կրթության բնագավառում երկրի ձեռք բերած նվաճումները կապված են հանճարեղ մարդու՝ Հեյդար Ալիեւի անվան հետ, որը բազմիցս ասել է, որ հասարակությունն առանց կրթության չի զարգանա», - «Հեյդար Ալիեւը եւ մատաղ սերնդի դաստիարակության, ուսուցման ու կրթության հարցերը» թեմայով գիտաժողովի իր ելույթում ասել է Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի ռեկտոր Ագիա Նախչիվանլին՝ չվարանելով գովասանքներ շռայել նաեւ կրտսեր Ալիեւի հասցեին, շնորհակալություն հայտնել «մեծ առաջնորդի արժանի ժառանգ Իլհամ Ալիեւին, որն անցյալ տարվա օգոստոսին ստորագրել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցների զարգացման ծրագիրը»:

«ԱզերՏաջ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ապրիլի 28-ին Բաքվի «Բակի Կոնդիսիոների» գործարանում տեղի է ունեցել մեկ այլ գիտաժողով՝ նվիրված Հեյդար Ալիեւի կնոջ եւ Իլհամ Ալիեւի մոր՝ «հռչակավոր գիտնական, ակադեմիկոս, ակնաբույժ Զարիֆա խանում Ալիեւայի ծննդյան 82-ամյակին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG