Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽԽՎ-ի պատգամավորները կոչ են անում Քոչարյանին ընդունել Էրդողանի առաջարկը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից արդեն 97-ը ստորագրել են փաստաթուղթը, որով կոչ են անում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին դրականորեն արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկին:

Երեկ փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամություն էին հայտնել ԵԽԽՎ-ի 19 պատգամավոր, մինչդեռ այսօր նրանց թիվը հասել է արդեն 97-ի, այդ թվում՝ 10 թուրք, 10 ռուս, 8 արդբեջանցի եւ 4 վրացի պատգամավորներ:

Այս ամիս ավելի վաղ Թուրքիայի վարչապետը նամակ էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»:

Ապրիլի 26-ին Հայաստանի նախագահը մերժել էր առաջարկը: «Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային եւ ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին», - ասված էր Հայաստանի նախագահի պաշտոնական պատասխանում: - «Ուստի, մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով` քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները, նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG