Մատչելիության հղումներ

«Ֆրիդոմ Հաուզ»-ը «ոչ ազատ» է գնահատել Հայաստանի մամուլը


«Ֆրիդոմ Հաուզ»-միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մամուլի ազատությունների մասին տարեկան զեկույցում Հայաստանի մամուլը գնահատել է «ոչ ազատ»:

«Թեեւ Հայաստանը մեծ թվով անկախ եւ ընդդիմադիր տպագիր մամուլ ունի, իսկ Սահմանադրությունը պաշտպանում է խոսքի ազատությունը,կավարությունը, այդուհանդերձ, շարունակում է սահմանափակել մամուլի լիակատար ազատությունը», - ասված է զեկույցում:

«Ֆրիդոմ Հաուզ»-ը նշում է, որ մամուլի ազատությունների առումով իրավական դաշտում 2004 թվականին փոփոխություններ չեն գրանցվել: Միաժամանակ առանձնացվում են մի շարք դատական գործեր: Առաջին անգամ դատարանը մեղավոր է ճանաչել լրագրողների վրա հարձակում գործած անձանց. Հայաստանի շրջանային դատարաններից մեկը վեց ամսվա ազատազրկման է դատապարտել ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ լրագրող Աննա Իսրայելյանի վրա հարձակում գործած անձանցից մեկին:

«Ֆրիդոմ Հաուզ»-ը առանձնացնում է նաեւ 2004 թվականի գարնանը ընդդիմության ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ Հայաստանի անվտանգության ուժերի կողմից կիրառված բռնությունները՝ նշելով, որ լրագրողների վրա հարձակում գործած անձնանցից ոչ մեկը դատական պատասխանատվության չի ենթարկվել:

Ըստ զեկույցի, Հայաստանի նախագահի աշխատակազմը շարունակում քաղաքական ցուցումներ տալ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը: Թերթերի մեծ մասը, ըստ «Ֆրիդոմ Հաուզ»-ի, մասնավոր է, սակայն շատ քիչ թերթեր են լիովին անկախ կառավարությունից կամ գործարար շահերից: Իսկ երկրի գլխավոր լրատվական աղբյուրները կառավարամետ են:

«Նշաններ կան, որ այլընտրանքային լրատվամիջոցների մատչելիությունը Հայաստանում նվազում է», - գրում են զեկույցի հեղինակները՝ նշելով. - «Ռուսական ՆՏՎ հեռուստակայանի հեռարձակումը դադարեցվեց Հայաստանում այն բանից հետո, երբ հեռուստակայանը ցուցադրեց ընդդիմության ցույցը»:

«Ֆրիդոմ Հաուզ»-ը վկայակոչում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հեռուստածրագրի հեռարձակման դադարեցումը: «Կենտրոն» մասնավոր հեռուստակայանը սկսեց հեռարձակել «Ազատություն» ռադիոկայանի հեռուստածրագիրը, սակայն երեք օր անց դադարեցրեց այն», - ասված է զեկույցում:

Նշվում է, որ տեղական ոչ կառավարական կազմակերպությունները շարունակեցին պայքարը «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստակայանների հեռարձակման իրավունքը վերականգնելու համար, բայց «այդ պայքարը արդյունք չտվեց»:

Արձանագրելով, որ իր հեռարձակումները սկսեց «Երկիր Մեդիա» հեռուստակայանը, «Ֆրիդոմ Հաուզ»-ի զեկույցի հեղինակները շարունակում են. - «Թեեւ այն կուսակցական առնչություններ ունի, հեռուստակայանը այլընտրանքային լրատվական աղբյուր է: Այն իր նորություններում քննադատում է կառավարությանը»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG