Մատչելիության հղումներ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Անտառային օրենսգրքի» նախագիծը եւ ուղարկեց Ազգային ժողովի քննարկմանը։

Նիստից հետո տրված բրիֆինգում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը լրագրողներին ասաց, որ 1994 թվականին ընդունված ՀՀ «Անտառային օրենսգիրք»-ը արմատական փոփոխության կարիք ուներ՝ փաստարկելով. - «Այսօրվա իրավական, տնտեսական հարաբերությունների դաշտում շատ խնդիրներ կան, որոնք այդ օրենսգրքով հնարավոր չէ կանոնակարգել»։

Նոր «Անտառային օրենսգրքի» նախագծի մշակմանը, ըստ նախարարի, ակտիվ աջակցություն է ցուցաբերել շվեդական «Սիդայի» կազմակերպությունը, որը անտառային քաղաքականության բնագավառում հարուստ փորձ ունի։ Նախագծով Հայաստանի ողջ անտառային ծածկույթը ստորաբաժանել է երեք խմբի՝ հատուկ, պաշտպանական եւ արտադրական նշանակության անտառների։

«Անտառային օրենսգրքի նախագծով ՀՀ -ում գոյություն ունեցող բոլոր անտառները, ինչպես գործող օրենսգրքում է, շարունակելու են մնալ պետության բացառիկ սեփականություն, սակայն, դրան զուգահեռ, համայնքներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տրվել ստեղծելու եւ ունենալու անտառներ՝ մասնավոր սեփականության իրավունքով»։

Արդեն այժմ մի շարք իրավաբանական անձինք իրենց միջոցներով հիմնել են սեփական այգիներ ու դրանք օգտագործում են արտադրական նպատակներով։ Մասնավորապես, այդպիսի փորձ է արվել Արմավիրի մարզում։ Ըստ նախարարի, նոր օրենսգրքի նորամուծություններից է, որ այն անտառների կառավարման լիազորություններ է վերապահում նաեւ համայնքներին, մինչդեռ գործող կարգի համաձայն այդպիսի բացառիկ իրավունք ունի միայն կառավարությունը։

Նախարարը հավելեց, թե, չնայած միջազգային խորհրդատուներն առաջարկել էին «Անտառային օրենսգրքի» նախագծում ավելի մեծ տեղ տալ անտառների մասնավորեցմանը, կառավարությունը դեմ է եղել՝ առաջին հերթին հենվելով միջազգային փորձի վրա։ Օրինակ, Լիտվան եւ Լատվիան իրենց անտառների մեծ մասը մասնավորեցնելուց հետո դրանց պահպանման հարցում լուրջ խնդիրների առջեւ են կանգնած։ Նույնպիսի խնդիրներ կան նաեւ Չեխիայում, որի անտառների 42 տոկոսը մասնավոր են։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG