Մատչելիության հղումներ

Ադրբեջանը առաջխաղացում չի ակնկալում Ֆրանկֆուրտի հանդիպումից


Ադրբեջանի քաղաքագետները որեւէ առաջխաղացում չեն ակնկալում Ֆրանկֆուրտում այսօր կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից:

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները, որոնք սկզբունքային հարցերում դույզն անգամ չեն մոտեցել, ինչպես նաեւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը, կարելի է վստահորեն ասել, որ փոխզիջումների համար հարմար ժամանակը բաց է թողնվել», - արդբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է «Նոր քաղաքականություն» դաշինքի համանախագահ, քաղաքագետ Էլդար Նամազովը՝ ավելացնելով. - «Փոխզիջումների հնարավորության պատուհանը Ադրբեջանում կբացվի միայն ընտրություններից հետո»:

«Սակայն դա չի նշանակի, որ այն ժամանակ Հայաստանը հնարավորություն կունենա գնալ փոխզիջումները՝ հաշվի առնելով, որ այդ երկրում էլ առկա է ներքաղաքական սուր հակամարտություն», - շարունակել է ադրբեջանցի քաղաքագետը: - «Իրական առաջխաղացումը բանակցություններում հնարավոր է միայն Ադրբեջանում եւ Հայաստանում ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումից հետո, որոնց արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանությունները հաշվետու կլինեն իրենց ժողովուրդների առջեւ»:

Իսկ քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն գտնում է, թե Հայաստանը հայտնվել է փակուղու առջեւ, քանի որ «կարգավորման քաղաքական եւ տնտեսական բաղկացուցիչներ պարունակող՝ Լաչինի միջանցքի համատեղ օգտագործման մասին առաջարկով Ադրբեջանը իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը»:

«Բաքուն արել է կոնկրետ առաջարկ, որը պահանջում է նույնպիսի պատասխան, ինչին Հայաստանը պատրաստ չէ, ուստիեւ ձգձգում է բանակցությունները», - գտնում է Ահմեդօղլուն:

Մեկ այլ արդբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, Ֆրանկֆուրտի հանդիպման միակ արդյունքը կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում հանդիպման մասին հնարավոր պայմանավորվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG