Մատչելիության հղումներ

Ենոք Ազարյանի կողմնակիցները բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի վճիռը


Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Հայաստանի փաստաբանական պալատի՝ անցած ամիս կայացած վիճահարույց ընտրությունների արդյունքում պալատի նախագահ ընտրված Ենոք Ազատյանը եւ նրա կողմնակիցները հայտարարեցին, որ բողոքարկելու են ապրիլի 21-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը մարտի 20-ին անցկացված Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու եւ 15-օրյա ժամկետում նոր ընտրություններ անցկացնելու մասին:

Ենոք Ազարյանը հեգնեց, թե դատարանի վճիռը «հիշեցնում է «Կոկա-Կոլա»-ի խաղարկությունը՝ «Կրկին փորձիր» տարբերակով»:

«Կրկին փորձելու հետ կապված խնդիր չունենք», - շարունակեց նա: - «Քանի որ դա առնչվում է փաստաբանական ինստիտուտի հեղինակության, դերի եւ նշանակության հետ եւ ստվեր է գցում փաստաբանական հետագա գործունեության վրա, մենք ստիպված ենք բողոքարկել այդ վճիռը: Այստեղ ամենեւին պարտված կամ հաղթած անձերի խնդիր չէ. այստեղ փաստաբանական ինստիտուտի հետագա գործունեության խնդիրն է, որը, կարծում եմ, ավելի կարեւոր է»:

Իսկ Ենոքյանի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանի մեկնաբանությամբ, առաջին ատյանի կայացրած վճիռը ապօրինի է:

Անցած հունվարից ուժի մեջ մտած «Փաստաբանների մասին» նոր օրենքով մինչ այդ գործող ՀՀ փաստաբանների միությունը եւ Փաստաբանների միջազգային միությունը միավորվելով պետք է ձեւավորեին Փաստաբանական պալատը: Մարտի 19-20-ը անցկացված փաստաբանների ընդհանուր ժողովի ավարտին տեղի ունեցած նոր պալատի ղեկավար մարմինների՝ այդ թվում նախագահի ընտրություններում Փաստաբանական պալատի նախագահ էր ընտրվել ՀՀ փաստաբանների միության նախագահի տեղակալ Ենոք Ազարյանը:

Ազարյանի մրցակից, փաստաբան Ռուբեն Սահակյանն ու նրա կողմնակիցները վիճարկելով, իրենց պնդմամբ՝ կոպիտ խախտումներով անցած քվեարկության արդյունքները, դիմել էին դատարան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG