Մատչելիության հղումներ

Թուրքիայում պահանջում են արգելել Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրումը


Անկարայի Քաղաքացիական հասարակության խորհուրդը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում արգելել Թուրքիայում հայտնի դերասան, ներկայումս ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրումը:

«Մենք դատապարտում եւ բողոքում ենք Առնոլդ Շվարցենեգերի դեմ, ով ապրիլի 24-ը հայտարարել էր «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» եւ հայկական լոբբիստական կազմակերպությունների ազդեցությամբ ու առանց պատմական ճշմարտությունը ուսումնասիրելու մեղադրել թուրքերին ցեղասպանություն իրագործելու մեջ», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, հայտարարել է Անկարայի Առեւտրի պալատի նախագահ Սինան Այգյունը եւ ավելացրել. - «Մենք չենք ցանկանում, որ նրա ֆիլմերը ցուցադրվեն Թուրքիայում»:

Անցած շաբաթ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հանդես էր եկել հայերի ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. - «Մարդկային այս սարսափելի ողբերգության 90-ամյակի նախաշեմին Կալիֆորնիան շարունակում է համերաշխ մնալ ողջ աշխարհի ազատասեր ժողովուրդների հետ՝ արժանի հարգանք մատուցելով հայ ժողովրդին»:

«Այժմ եւ այսուհետ ես՝ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերս, հայտարարում եմ ապրիլի 24-ը «Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օր», - հայտարարել էր Շվարցենեգերը:

Երկուշաբթի օրը Թուրքիան հայտարարել էր, որ երբեք տեղի չի տա միջազգային ճնշումների առջեւ եւ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Պետական բոլոր հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բոլորիս համար ակնհայտ է դարձել, որ հարկ է աշխատել ամբողջ աշխարհում այդ հիմնազուրկ մեղադրանքները հերքելու համար», - կառավարության նիստից հետո ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG