Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը մերժում է Թուրքիայի վարչապետի առաջարկը


Երեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնապես մերժել է Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի առաջարկը՝ ստեղծել «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»՝ փոխարենը կրկին առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:

Առաջարկը պարունակող նամակը այս ամիս ավելի վաղ ստացվել էր Հայաստանի նախագահին հասցեագրված նամակով:

«Իսկապես, որպես հարեւաններ, մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ», - ասված է Հայաստանի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական պատասխանում, որը տարածել է նախագահի մամլո ծառայությունը: - «Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային եւ ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին»:

«Ուստի, մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ», - շարունակել է Ռոբերտ Քոչարյանը: - «Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով` քննար-կելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները, նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»:

Անցած շաբաթասկզբին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր մերժել պաշտոնական Անկարայի նման առաջարկը, որ հնչեցրել էր արտգործնախարար Աբդուլլա Գյուլը:

«Եթե հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի մենք ուղղակի հաստատենք, որ ցեղասպանություն եղել է, ես դրան դեմ եմ», - ապրիլի 18-ին լրագրողներին ասել էր Անդրանիկ Մարգարյանը: - «Վերահաստատելու խնդիր եւ չեմ տեսնում»:

Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նույնպես դեմ էր արտահայտվել սոսկ ցեղասպանության փաստն ապացուցելու համար համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ «դա ապացուցելու կարիքը չկա»:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, մինչդեռ, ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում հույս էր հայտնել, թե վարչապետ Էրդողանի այդ առաջարկը կնպաստի Հայաստանում եւ Թուրքիայում ազատության ու խաղաղության ամրապնդմանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG