Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի խտացմամբ, խնդիրը «ամենեւին էլ այն չէ, որ ԱՄՆ-ը ցեղասպանության ճանաչմամբ վախենում է նեղացնել իր ռազմավարական դաշնակից Թուրքիային, այլ այն, որ ցեղասպանությունը չճանաչելով՝ ԱՄՆ-ը չի վախենում նեղացնել Հայաստանին»: «Բուշին, օրինակ, ամենեւին չի հուզում այն, որ Թուրքիան խիստ նեղացած է, որ Իրաքում նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ քուրդ անջատողականը», - մատնանշում է «Առավոտ»-ը՝ ամփոփելով. - «Իսկ որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նախեւառաջ պետք է դադարել լինել այնպիսի պետություն, որն ապրում է նույն այդ Ամերիկայից փող ուզելու հաշվին»:

«Անցյալ շաբաթվա թիվ 1 իրադարձությունը, անշուշտ, 25 կուսակցությունների կողմից ստորագրված հայտարարությունն է, որով խստագույնս դատապարտվում է Սեւանում ընդդեմ «Նոր ժամանակներ» կուսակցության իրականացված քրեական ոտնձգությունը, եւ ընդհանրապես խիստ գնահատական է տրվում նման երեւույթին», - առանձնացնում է «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ այդ առումով ենթադրելով, որ իշխանամետ կուսակցությունները նման քայլի դիմել են ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի համաձայնության: «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ Դաշնակցությունը ունեն ուղղակի շահ մասնակցելու որեւէ քայլի, որի սլաքն ուղղված է ընդդեմ Սերժ Սարգսյանի. առաջինն ինքն ունի նախագահի սեփական թեկնածու, իսկ երկրորդին հիմնականում հենց Սերժ Սարգսյանն է խոչընդոտում իշխանական կառույցներում դիրքեր գրավելու գործում: «Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա հանրապետականները այդ գործընթացին միացան, այսպես ասած, գնացքից չուշանալու դրդապատճառով», - վերլուծվում է «Իրավունք»-ում: - «Այս իրավիճակում Սերժ Սարգսյանին էլ ձեռնտու կլինի ներքաղաքական իրավիճակի ցանկացած կտրուկ ապակայունացում, ինչը թույլ կտա Ռոբերտ Քոչարյանի առջեւ դնել իշխանությունը անհապաղ իրեն փոխանցելու հարցը»: Ընդհանուր առմամբ, մեկնաբանի հայացքով, Քոչարյանի մոտ «գնալով ավելի պակասում են Կուչմայի վիճակից խուսափելու հնարավորությունները. - «Ու պարզ է, որ նա նման տխուր հեռանկարից խուսափելու համար հարկ եղած դեպքում ընդունակ է զոհաբերելու իր զինակիցներից ցանկացածին»: «Իշխանության՝ խուժանի ուժին ապավինելու ռեսուրսն էլ իրեն սկսում է սպառել, քանի որ», - կարեւորված է «Իրավունք»-ում, - «ժողովուրդը, մասնավորապես, արդեն քաղաքականացող երիտասարդությունը, ուժի դեմ իր ուժը կիրառում եւ կարգ ու կանոն է հաստատում»: Մյուս կողմից, նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Պարզվում է, որ կարող է ինչ-որ մեկը հանկարծակի հայտնվել դրսից, ինչ-որ անհայտ փողերով եւ հովանավորներով, ու փաստորեն ասել՝ «փաթաթեք այս երկիրը, ես այն գնում եմ»։ Եվ նույնքան բնական է, որ այդօրինակ դրսեւորումները հարուցում են որոշակի հակազդեցություն, հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր պետության կայացման գործում լումա ունեն ներդրած»:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր էլ «Առավոտ» թերթում է շեշտում. - «Մենք միապետական ժամանակներում չենք ապրում, որպեսզի իրավահաջորդներ կարգվեն»: Մամուլում արդեն շոշափված ակնարկներին անդրադառնալով էլ, թե ինքը ընդդիմության առաջնորդ դառնալու հույսեր ունի՝ նա ասում է. - «Ընդդիմությունն ունի բազմաթիվ առաջնորդներ՝ մեկը մեկից լավը, եւ, բնականաբար, ես այդպիսի միասնական առաջնորդ դառնալու հավակնություն չունեմ»:

ԱԺ նախագահի քաղաքական վարքագծով հիմնավորապես զբաղվող պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում այսօր նշում է. - «Այն պահից, երբ ԱԺ նախագահը հասկացավ, որ ինքն այլեւս որեւէ շանս չունի դառնալու Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը՝ իրեն գցեց ընդդիմության դռները... Հաշվարկն այն է, որ ընդդիմության փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում ինքը կկարողանա, օգտագործելով իր անսահման պոպուլիզմը, պրոցեսը վերցնել իր ձեռքը: Բացի այդ, դրանով նա նաեւ շանտաժ է անում Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս վերանայի իրավահաջորդի վերաբերյալ իր արդեն կայացրած որոշումը»: Բերելով նաեւ ընդդիմության ներկայացուցիչների միանշանակ արձագանքը, որ Բաղդասարյանը երբեւէ իրենց առաջնորդ դառնալու որեւէ շանս չունի՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ամփոփել է. - «Բաղդասարյանի եւ նրա կուսակցության որդեգրած 50/50-ի քաղաքականությունը հերթական ֆիասկոն ապրեց»:

«Հայրենի գործարարները աշխատում են առանց շահույթի: Ինչեր ասես որ չես անի հանուն հայրենիքի», - հեգնում է այսօր «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ ի մի բերելով, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը պետությանը ակնհայտորեն անհամապատասխան են նրանց տնտեսական գործունեությանը։ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ, անդրադառնալով առաջին եռամսյակի 300 խոշոր հարկատուների վերաբերյալ հարկային պետական ծառայության հրապարակած տվյալներին, ընդգծել է. - «Այս ցանկը տպագրելու հիմնական իմաստն այն է, որ բոլորն իմանան, թե իրենց հարստությամբ հայտնի մարդիկ որքանով են կատարում իրենց պարտքը հասարակության առջեւ, արդյոք վճարո՞ւմ են իրենց եկամուտներին համարժեք հարկեր եւ, ի վերջո, որտե՞ղ է թաքնված «ստվերը»: Իսկ այս ցանկից գոնե առաջին հայացքից պարզ է դառնում, որ այդ ստվերը հենց այստեղ է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG