Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքների բազմաթիվ երկրներում տեղի հայ համայնքները տարբեր միջոցառումներով հարգել են 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի տեղեկացմամբ, հիշատակման միջոցառումներ են տեղի ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում, Լեհաստանում, Լատվիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Վրաստանում եւ այլուր:

Արաբական Միացյալ Էմիրություններում. օրինակ, ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի սոցապ եւ աշխատանքի նախարար Աղվան Վարդանյանը:

Ապրիլի 22-ին Վարշավայի Բարեկամության տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված հուշ-երեկո: Երեկոյին ներկա են եղել լեհական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ լեհահայեր, նաեւ Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւորականներ:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Մելնգալվյու Նամս» պատմական համալիրի Տոնական համերգասրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայկական դասական երաժշտության երեկո:

Բելգիայում եւ Նիդեռլանդներում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջոցառումները լայնորեն լուսաբանվել են տեղական լրատվամիջոցներով:

Առավոտյան պատարագ է մատուցվել Բրյուսելի հայկական եկեղեցում, ապա սգո հանրահավաք է տեղի ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, որին մասնակցել են բելգիացի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այնուհետեւ տեղի է ունեցել բողոքի ցույց Բրյուսելում Թուրքական դեսպանության առջեւ, որին մասնակցել են նաեւ Բելգիայում թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիդեռլանդներում Ցեղասպանության հիշատակի օրն սկսվել է Ամստերդամի հայկական եկեղեցում պատարագի մատուցմամբ: Նիդեռլանդների տարբեր ծայրերում բնակվող հայերը ժամանել էին Ասսեն քաղաք, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության նահատակների 90-ամյակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Հալեպից եւ Սիրիայի այլ քաղաքներից, Հայաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից, Հորդանանից, ինչպես նաեւ այլ հայաշատ երկրներից սիրիական Դեր Զոր էին ժամանել առնվազն 5-6 հազար ուխտավորներ: Դեր Զորի ամենամյա ապրիլյան ուխտագնացությունն այս անգամ աչքի է ընկել աննախադեպ մարդաշատությամբ եւ խորհրդանշական իրադարձությունների բազմազանությամբ: Ուխտագնացությունն անցկացվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հանդիսապետությամբ:

Վրաստանի հայաբնակ շրջաններում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունների մասնակիցները կոչ են արել Վրաստանի խորհրդարանին ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG