Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյան. - «Հայ օդաչուների ազատ արձակման հարցը մոտ է հանգուցալուծման»


Համաշխարհային հայկական կոնգրեսի, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի մասնակցելու մեղադրանքով երկարատեւ ազատազրկման դատապարտված 6 հայ օդաչուների ազատ արձակման հարցը «մոտ է հանգուցալուծման»:

«Մենք արդեն իշխանությունների հետ [Հասարակածային Գվինեայի] համաձայնության ենք գալիս եւ փորձում ենք գրավոր ամրագրել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները», - երկուշաբթի օրը Երեւանում լրագրողներին ասաց Աբրահամյանը: - «Շատ մեծ է հավանականությունը, որ օդաչուներին բաց կթողնեն: Ժամանակի հարց է»:

Աբրահամյանը չմանրամասնեց, թե ինչ պայմանների կամ խոստումների մասին է խոսքը, սակայն, հավաստիացրեց, թե իրենք Մալաբոյի իշխանություններին այնպիսի առաջարկ են արել, որից վերջիններս «դժվար թե կարողանան հրաժարվել»:

«Որովհետեւ դա [արված առաջարկը] փոխշահավետ է ինչպես մեր համար, այնպես էլ այդ երկրի ղեկավարության համար», - փաստարկեց Աբրահամյանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը, անդրադառնալով հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Amnesty International-ի տարածած հայտարարությանը, թե Հասարակածային Գվինեայում դատապարտյալները հյուծվում են սովամահությունից ու խոշտանգումներից, ասաց, որ հայ օդաչուների առողջությանը վտանգ չի սպառնում:

«Ես աշխատում եմ անել ամեն ինչ, որ իրենց վիճակը այնտեղ մի քիչ ավելի լավ լինի, քան մնացած կալանավորներինը», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայ օդաչուներին վերջերս փոխանցել է երկրորդ դրամական օգնությունը:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG