Մատչելիության հղումներ

Ադրբեջանի քաղաքագետները դրական են գնահատում ապրիլի 22-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայացած ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության գագաթնաժողովը:

«Հանդիպումը ցույց տվեց, որ ՎՈւՈւԱՄ-ը գործուն, աջակցություն վայելող եւ զարգացող կազմակերպությունը է, որի բոլոր անդամ պետությունները մեկը մյուսի հետեւից կանդամակցեն ՆԱՏՕ-ին եւ կշարունակեն ժողովրդավարացման գործընթացը», - «Թրենդ» գործակալությանը ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

Նա հաստատել է ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքագետների արտահայտած կարիքը, թե ՎՈւՈւԱՄ-ը ունի «հակառուսաստանյան ուղղվածություն»:

«Զարգացման ձգտող հետխորհրդային հանրապետությունները իրենց ապագան կապում են Արեւմուտքի, այլ ոչ թե իրենց ինքնիշխանությունը չհարգող Ռուսաստանի հետ», - նշել է Գուլուզադեն:

Իսկ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, գագաթնաժողովը անցել է բարձր մակարդակով, եւ եվրոպական մի շարք երկրների ղեկավարների մասնակցությունը վկայում է «կազմակերպության հեռանկարային ուղղվածության մասին»:

ՎՈւՈւԱՄ Քիշնեւի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել էր «Հանուն ժողովրդավարության, կայունության եւ զարգացման» հռչակագիրը, որում նշվում է անդամ երկրներում հասարակությունների ժողովրդավարացմանը ուղղված ջանքերի ակտիվացման, «սառեցված» հակամարտությունների կարգավորման եւ եվրաինտեգրմանն ուղղված ջանքերի միավորման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG