Մատչելիության հղումներ

Նախագահ Բուշը կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառը օգտագործելուց


«Հայկական հիշատակի օրը մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերի բռնի տեղահանումը եւ զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին: Այդ սարսափելի իրադարձությունները հայերից շատերն անվանում են Մեծ Եղեռն», - ասված է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ ապրիլի 24-ի ավանդական ուղերձում, որ երեկ ուշ երեկոյան տարածել է Սպիտակ տունը:

«Այսօր, երբ մենք նշում ենք մարդկային այդ ողբերգության 90-ամյակը եւ անդրադառնում ենք հայ ժողովրդի տառապանքներին, մենք նաեւ հայացքներս ուղղում ենք հայկական անկախ պետության խոստումնալից ապագային: Միացյալ Նահանգները երախտապարտ է, որ Հայաստանն իր ավանդն է ներդրել ահաբեկչության դեմ պայքարին եւ ժողովրդավարական ու խաղաղ Իրաք կառուցելու ջանքերին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Նախագահ Բուշի ուղերձում նշվում է, թե ԱՄՆ-ը շարունակում է աջակցել «պատմական բարեփոխումներին, որոնք Հայաստանն իրականացրել է վերջին տասնամյակում». - «Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զարգացնել ժողովրդավարական ազատությունները, որոնք ավելի կհամապատասխանեն հայ ժողովրդի ակնկալիքներին»:

«Ես ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի այն անհատներին, ովքեր ջանացել են ազնվորեն եւ նրբանկատորեն ուսումնասիրել 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունները: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի վերջին վերլուծականը եզրակացություն չի պարունակում, թեեւ էական քայլ է Կովկասում եւ Անատոլիայում ապրող ժողովուրդների հաշտեցման, ինչպես նաեւ հանդուրժողականության ու մշակութային հարստության այն ոգու վերականգնման ուղղությամբ, որը դարերով կապել է նրանց», - նշել է Ջորջ Բուշը:

«Մենք հավատով ենք նայում Հայաստանում եւ Թուրքիայում ազատության, խաղաղության եւ բարգավաճման ապագային եւ հուսով ենք, որ վարչապետ Էրդողանի վերջին առաջարկը համատեղ հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կնպաստի այդ գործընթացների զարգացմանը: Միլիոնավոր ամերիկացիներ հպարտանում են իրենց հայկական ծագումով», - շարունակել է Միացյալ Նահանգների նախագահը: - «Նրանց հավատը, ավանդույթները եւ հայրենասիրությունը հարստացնում են Միացյալ Նահանգների մշակութային, քաղաքական եւ տնտեսական կյանքը: Ես գնահատում եմ բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրում խաղաղության եւ հաշտեցման ուղղությամբ»:

«Հիշատակի այս հանդիսավոր օրը լավագույն մաղթանքներս եւ համերաշխությունս եմ հղում ողջ աշխարհում ապրող հայությանը», - ասված է նախագահ Բուշի ուղերձում:


Հայերի արձագանքը ուղերձի նկատմամբ բացասական է:

«Հայ Դատի հանձնախումբը եւ ամերիկահայ գաղութը ընդհանրապես հիասթափված են, որ նախագահ Բուշը կրկին չկատարեց իր խոստումը եւ Ցեղասպանությունը որպես ցեղասպանություն չներկայացրեց ապրիլի 24-ի իր խոսքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG