Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցույց է տեղի ունեցել Պրահայում


Միանալով աշխարհի բոլոր ծայրերում այսօր Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչմանը, Պրահայի ամենագեղեցիկ հրապարակում՝ Ստարոմեստսկայում այսօր հարյուրավոր հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին եւ Չեխիայի իշխանություններին կոչ արեցին դատապարտել ու ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

«Թուրքիա, ապաշխարիր Եվրոպական Միություն մտնելուց առաջ», «90 տարի առաջ 0սմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայ են սպանել», «Տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, հերթը Չեխիայինն է». հայ երեխաների ձեռքում հայերեն, անգլերեն եւ չեխերեն այդ կարգախոսներն ու եռագույն դրոշներն անմիջապես գրավել են չեխերի եւ օտարերկրացիների ուշադրությունը:

Ցույցից հետո քաղաքի կենտրոնում գտնվող «Ու Սալվատորա» եկեղեցում պատարագ է մատուցել Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ Փիլավչյանը: Եկեղեցու նախասրահում ցուցադրված էին Ցեղասպանության մասին պատմող լուսանկարներ եւ Արեւմտյան Հայաստանում հայկական եկեղեցիների ու խաչքարների նկարներ:

Պատարագին ելույթ է ունեցել նաեւ Չեխիայի խորհրդարանի անդամ սենատոր 3արոմիր Շտետինան: Նա ասել է, թե Չեխիան պարտավոր է միանալ Հայոց Ցեղասպանությունը Ճանաչած երկրներին եւ հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ անպայման կարվեն անհրաժեշտ քայլեր:

Ցույցը լուսաբանվել է Չեխիայի հանրային հեռուստատեսությամբ եւ այլ լրատվամիջոցներով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG