Մատչելիության հղումներ

Աշխարհի հայությունը 90-տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման այս օրերին, ավելի քան երբեւէ, մոտ է Օսմանյան կայսրությունում իրականացված այդ ոճրագործության միջազգային ճանաչմանը:

Արեւմուտքի լոբբիստական խմբերի՝ տասնամյակներ ի վեր գործադրվող ջանքերը, որոնց գումարվեցին նաեւ անկախացած Հայաստանի ջանքերը, զգալիորեն ընդլայնել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային տեղեկացվածությունը, ինչի արդյունքում մի քանի տասնյակ երկրներ պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանության փաստը:

Կարծիքներ կան, սակայն, թե կարեւորը Ցեղասպանության փաստի ճանաչումն է հենց Թուրքիայի կողմից:

2001 թվականին Ֆրանսիան հատուկ օրենքով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նրան հետեւեցին Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ՝ ներառյալ Իտալիան եւ Հոլանդիան, ինչի շնորհիվ Թուրքիայի կողմի Ցեղասպանության ճանաչումը վերածվեց այդ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր նախապայմանի:

Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին տարիներին ավելի ու ավելի դժկամությամբ է փակում կոնգրեսական այն բանաձեւերի ճանապարհը, որոնք 1915 թվականների իրադարձություններն անվանում են «ցեղասպանություն»: Եվ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ հնարավոր փոփոխությունների ազդակ կարելի է համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի՝ փետրվարին ունեցած ելույթներում հայկական ջարդերը «ցեղասպանություն» անվանելը:

Ցեղասպանության միջազգային ճանաչման այդ ալիքը հարուցեց Թուրքիայի իշխանությունների բողոքները, որոնք միայն սրեցին հարցի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը: Վերջին հինգ տարիների ընթացքում արեւմտյան լրատվամիջոցները վստահաբար ավելի շատ են անդրադարձել Հայոց ցեղասպանությանը, քանի նախորդող մի քանի տասնամյակների ընթացքում:

Առավել կարեւոր է, սակայն, այն, որ Թուրքիայում հարցը այլեւս արգելվածների թվում չէ՝ արծարծվելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: «Ցեղասպանության մեղադրանքները այժմ դարձել են միջազգային քաղաքական խնդիր», - The Turkish Daily News թերթում ապրիլի 16-ին գրել էր հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը:

Արդյո՞ք հայերը մոտեցել են Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Ոչ: Ես չէի ասի, թե մոտեցել ենք», - ասում է Վան Գրիգորյանը, Ամերիկայի հայկական համագումարի նախկին գործադիր տնօրենը: Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները եւ աշխարհի մյուս տերությունները ունեն իրենց շահերն ու արտաքին քաղաքական նպատակները, որոնք երբեք չեն ստորադասի այդ հարցին:

«Նրանց «սակարկությունները» Թուրքիայի հետ անցյալում արդեն ձեռնունայն են թողել հայերին», - ասում է Գրիգորյանը: - «Միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, իմ կարծիքով, հայերի համար ցանկալի արդյունքի չեն հասցնի, քանի դեռ մենք չենք հասել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը»:

Մինչ Թուրքիայի ղեկավարությունն ու հիմնական լրատվամիջոցները շարունակում են հերքել Ցեղասպանությունը, նրանք, այդուհանդերձ, համակերպվում են երկրի ներսում այդ հարցի քննարկումներին: Թուրք հանրահայտ գրող Օրհան Փամուկը, օրինակ, իր վերջին հարցազրույցներից մեկում ընդունել էր, որ առնվազն մեկ միլիոն հայեր բնաջնջվել էին Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին:

Անսովոր էր նաեւ թուրք գիտնականների մասնակցությունը այս շաբաթ ավելի վաղ Երեւանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին, որ նվիրված էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին:

Տեղին է հիշեցնել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցած ամիս արդեն կոչ էր արել ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով՝ ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի իշխանությունները մերժել էին այն՝ փաստարկելով, թե նման առաջարկի ընդունումն իսկ կնշանակեր կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը:

Էրդողանը, ադյուհանդերջ, ապրիլի 13-ին նամակով դիմել էր Հայաստանի նախագահին՝ առաջարկելով «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված համատեղ խումբ ստեղծել՝ ուսումնասիրելու 1915 թ. զարգացումներն ու իրադարձությունները ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ խնդրին առնչվող բոլոր երրորդ երկրների արխիվներում, եւ այդ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը»։

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակին պաշտոնապես կպատասխանի եկող շաբաթվա սկզբին:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG