Մատչելիության հղումներ

Կարո՞ղ է արդյոք Ցեղասպանության ճանաչման հարցը լուծվել միջազգային դատական ատյաններում


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, չնայած ցեղասպանության իրողությունն արդեն ճանաչել են աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներ, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Իրավակա՞ն, թե՞ քաղաքական լուծում է պահանջում խնդիրը եւ արդյո՞ք այն (հատկապես Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը) կարող է լուծվել միջազգային դատական ատյաններում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս հարցերի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանի դոցենտ Վիգեն Քոչարյանը ասաց, որ դա բավական խրթին խնդիր է:

«Քանի որ, երբ խոսում ենք միջազգային դատական ատյաններում գործի քննության մասին, մի շարք հարցեր են բարձրանում, որոնք, իմ կարծիքով, հստակ պատասխաններ չունեն», - ասաց նա՝ մանրամասնելով. - «Ի՞նչ խնդիր պետք է քննի միջազգային դատարանը, ո՞ր միջազգային ատյանը դա պետք է անի եւ ինչի՞ հիման վրա»:

Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման «գործընթացը եւ խնդիրը ավելի շատ ունի քաղաքական բնույթ», թեեւ «կարեւոր միջազգային իրավական հարցերի հետ է կապված»:

Քոչարյանի կարծիքով, թեեւ «ցեղասպանություն» երեւույթի բնորոշումը ՄԱԿ-ի կողմից տրվել է 1948 թվականին, դա չի նշանակում, թե միջազգային իրավունքը մինչ այդ չէր արգելում այն գործողությունները, որոնք հետագայում որակվեցին որպես ցեղասպանություն:

«1948 թվականին տեղի է ունեցել արդեն գոյություն ունեցող նորմերի ընդամենը միջազգային պայմանագրային ամրագրումը», - պարզաբանեց Վիգեն Քոչարյանը: - «Եթե մենք ասենք, որ այդպիսի նորմեր գոյություն չեն ունեցել, ապա ստիպված կլինենք նաեւ ապօրինի համարել, օրինակ, Նյուրնբերգյան դատավարությունը, որը տեղի է ունեցել 1945-46 թվականներին, սակայն այնտեղ պատժվել են մարդիկ մարդկության առջեւ կատարած հանցագործությունների համար»:

«1915 թվականի մայիսի 24-ին մեծ տերությունները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը համատեղ հռչակագրով հանդես են եկել եւ այդ իրադարձությունները անվանել են «հանցագործություն ընդդեմ մարդկության», եւ առաջին անգամ այս հասկացությունը առաջացել է կապված հենց հայերի ցեղասպանության հետ», - ավելացրեց միջազգային իրավունքի մասնագետը:

Վիգեն Քոչարյանի կարծիքով, միշտ չէ, որ պատմական իրողությունները պետք է հաստատվեն դատական ատյաններում: Արդեն այն, որ բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, որ բացվել-հրապարակվել եւ շարունակում են հրապարակվել արխիվային նյութեր, բավարար ապացույց է: Եվ նա չի կարծում, թե «դատական ատյանները կարող են այս գործընթացին որակապես նոր լուծում տալ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG