Մատչելիության հղումներ

Հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում են հոգեհանգստի պատարագներ


Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին Հայոց բոլոր եկեղեցիներում, Հայաստանում թե այլուր, մատուցվում են հոգեհանգստի պատարագներ: Առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում։

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Փառեն եպս. Ավետիքյանը։ Սրբազան Հայրը պատարագի ընթացքում ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին:

«Քրիստոսի հետ հարության հույսով, մահվան դեմ կյանքի հաղթության հավատով ապրեց ու ստեղծեց մեր ժողովուրդը։ Դարերի մեջ բազում ավերներ ու հողմեր տեսավ, բազմիցս գերեզման իջավ, բայց Քրիստոսին հուսացյալ` հավատաց իր հոգու լույսին, իր փրկությանն ու վերածննդին», - ասված է Վեհափառ Հայրապետի կոնդակում։ - «Այս հավատով վերապրեցինք մեր պատմության ամենամեծ ողբերգությունը` մեր ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»։

«Արեւմտյան Հայաստանում` մեր Հայրենիքի մեծագուն հատվածի վրա եւ կայսրության հայաշատ այլ բնակավայրերում իրականացվեցին անզեն հայ բնակչության կազմակերպված ջարդեր։ Մեր ժողովուրդը մահվան էր դատապարտվել միայն հայ եւ քրիստոնյա լինելու համար, քանզի հայ մնալ ու քրիստոնյա, նշանակում էր շարունակել լինել բնիկ ու տոհմիկ ժողովուրդը Հայաստան երկրի», - շարունակում է կաթողիկոսական կոնդակը։ - «1915 թվականին ավերն էր թագավորում, սարսափն ու մահը` հայոց բնակավայրերում։ Փլվում էր տունը հայի գլխին, այրվում էր հողը իր մշակի ոտքի տակ, ակոսը գերեզման էր դառնում, եկեղեցին` անբարբառ հուշարձան։ Եփրատի ափերից մինչեւ Արաքսի հովիտներ, Սեւ ծովից մինչեւ Միջերկրական` ձորերը լցվեցին հայ մարդկանց դիակներով, գետերը` արյունով։ Անլուր ջարդերին զոհ գնաց մեկ ու կես միլիոն հայություն»:

«Անցել են ժամանակները, երբ մեր հայրերը չէին կարող ոգեկոչել հիշատակը մարտիրոսացած հայորդիների, երբ միայնակ էին ազգային ողբերգության ու վշտի մեջ։ Այսօր շատ ազգեր ու պետություններ ճանաչում են մեր ժողովրդի հանդեպ գործված ոճիրը` իբրեւ հանցանք մարդկության ու մարդկայնութեան դեմ։ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը պիտի ճանաչվի ու դատապարտվի ողջ աշխարհի ու նաեւ Թուրքիայի կողմից՝ այն համոզումով, որ բռնություններն ու սպանությունները չեն կարող առաջնորդել մարդկության ճանապարհը»։

Իսկ այսօր երեկոյան բոլոր հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցեղասպանությունների զոհերի հիշատակին, հոգեհանգստի էկումենիկ պատարագ կմատուցվի Երեւանի Գրիգոր Լուսավորիչ տաճարում, որին կմասնակցեն Հռոմեական կաթոլիկ, Հունաստանի եւ Համայն Հելլադայի, Վրաց, Ռուս, Ռումին, Ասորի եւ Ղպտի ուղղափառ եկեղեցիների, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչների, ինչպես նաեւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի ու այլ կրոնների ներկայացուցիչներ:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG