Մատչելիության հղումներ

Քոչարյանը Էրդողանի նամակին կպատասխանի հաջորդ շաբաթ


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակին պաշտոնապես կպատասխանի եկող շաբաթվա սկզբին:

Էրդողանը ապրիլի 13-ին նամակով դիմել էր Հայաստանի նախագահին՝ առաջարկելով «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված համատեղ խումբ ստեղծել՝ ուսումնասիրելու 1915 թ. զարգացումներն ու իրադարձությունները ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ խնդրին առնչվող բոլոր երրորդ երկրների արխիվներում, եւ այդ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը»։

Թուրքիայի վարչապետի կարծիքով, այդպիսի նախաձեռնությունը «լույս կսփռի պատմության վիճելի շրջանի վրա, ինչպես նաեւ քայլ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։

Ավարտվող շաբաթասկզբին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հնչեցրած նման առաջարկին, մերժել էր այն:

«Եթե հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի մենք ուղղակի հաստատենք, որ ցեղասպանություն եղել է, ես դրան դեմ եմ», - երկուշաբթի օրը լրագրողներին ասել էր Անդրանիկ Մարգարյանը: - «Վերահաստատելու խնդիր եւ չեմ տեսնում»:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցած ամիս արդեն կոչ էր արել ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով՝ ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի իշխանությունները մերժել էին այն՝ փաստարկելով, թե նման առաջարկի ընդունումն իսկ կնշանակեր կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG