Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու են շուրջ մեկուկես տասնյակ երկրների պաշտոնական պատվիրակություններ


Հայոց ցեղասպանության 90-ամյակի շրջանակներում Երեւանում կայացած «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային համաժողովին ժամանած օտարերկրյա պատվիրակների մի մասը, ինչպես նաեւ Հայաստան ժամանող բարձրաստիճան նոր պատվիրակություններ մասնակցելու են Ապրիլի 24-ի միջոցառումներին:

Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը տեղեկացրել է, որ աշխարհի մեկուկես տասնյակ երկրների խորհրդարանականներ, պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ ապրիլի 24-ին կմասնակցեն դեպի Մեծ Եղեռնի հուշարձան սգո երթին եւ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:

Հյուրերի թվում են ներկայացուցչական պատվիրակություններ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Իսպանիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Վրաստանից, այլ երկրներից:

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան, Իսրայելի Կնեսետի անդամ Յոսի Սարիդը, Եվրամիության - Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարի-Անն Իսլեր-Բեգենը եւ Երեւանյան միջազգային համաժողովի բազմաթիվ այլ մասնակիցներ արդեն այցելել էին Ծիծեռնակաբերդ:

Երեւան են ժամանում նաեւ Հռոմեական կաթոլիկ, հույն, ռուս, վրաց, սիրիական, ղպտի եւ ռումին ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաեւ Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչներ, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի, Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG