Մատչելիության հղումներ

«Կովկասյան քառյակի» հանդիպումը կարող է կայանալ մայիսի վերջին


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է, թե ուրբաթ օրը Թբիլիսիում նախատեսված Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների հանդիպումը «Կովկասյան քառյակի» շրջանակներում չի կայանա՝ մասնակիցների զբաղվածության պատճառով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Միրոնովը հայտնել է, թե Ադրբեջանի Միլլի Մելիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովն առաջարկել է, որպեսզի հերթական հանդիպումը կայանա մայիսի վերջին:

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը Ռուսաստան է մեկնելու մայիսի 24-27-ը, եւ չի բացառվում, որ, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների համաձայնությունը ստանալու դեպքում, «Կովկասյան քառյակի» հերթական հանդիպումը կայանա հենց այդ օրերին:

«Մենք պատրաստ ենք հանդիպել եւ քննարկել ցանկացած խնդիր՝ առանց սահմանափակումների եւ ամենայն անկեղծությամբ: Քննարկելու շատ բան է կուտակվել: Մինչեւ հիմա «Կովկասյան քառյակի» շրջանակներում եղել է հինգ հանդիպում, եւ այսքան երկար ընդմիջումը պայմանավորված էր կազմակերպչական խնդիրներով եւ Հայաստանում ու Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ», - Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG