Մատչելիության հղումներ

Լեխ Վալենսա. - «Թուրքիայում հայերի ջարդերը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»


Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Լեծ Վալենսան Երեւանում այսօր իր աշխատանքն ավարտած «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. Մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային գիտաժողովի իր ելույթում դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայոց սպանդը որակեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

«Հայերի ջարդերը սկսեց արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը:
1915 թվականին թուրքական իշխանությունները հրահանգեցին հայ մտավորականների ջարդերը եւ հարյուր հազարավոր հայերի տեղահանումը, որոնք կամ սովամահ եղան ճանապարհին, կամ դաժանաբար սպանվեցին թուրք զինվորների եւ քուրդ ավազակների կողմից», - իր ծավալուն ելույթում ասաց Վալենսան: - «Թուրքիայում հայերի ջարդերը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե ես կամ մեզանից յուրաքանչյուրը մոռանանք այդ հանցագործությունը, թող Աստված մեզ մոռանա»:

Լեխ Վալենսան խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության մասին:

«Մինչեւ 1989 թվականը ոչ ոք չէր ուզում զայրացնել Թուրքիային, որը ՆԱՏՕ-ում ռազմավարական գործընկեր էր եւ հավասարակշռում էր տարածաշրջանում խորհրդային ազդեցությունը: Այսօր Թուրքիայի այդ դերը նվազել է», - ասաց նա: - «Հայաստանի կողմից արդարացի պահանջ է, որ Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության նախապայմաններից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Առանց պատմական ճշմարտության համընդհանուր ընդունման մենք չենք կարող հաղթահարել եւ դիմակայել գլոբալիզացվող աշխարհի մարտահրավերներին»:

Համաժողովում այսօր ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա նույնպես անդրադարձավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին:

«Հայաստանը լիովին համաձայն է եվրոպական քաղաքական շրջանակների տեսակետին, որ Եվրամիության լիիրավ անդամակցության հայտ ներկայացրած երկիրն առնվազն պարտավոր է սեփական անցյալի քննադատության հաղթահարման ընդունակություն հանդես բերել», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG