Մատչելիության հղումներ

Գերմանիան կարող է «ներողություն խնդրել» հայերից


Բունդեստագում այսօր քննարկված բանաձեւի նախագծում, որը վերաբերում է 1915 թվականին 0սմանյան կայսրությունում հայերի ջարդերին, Գերմանիայում ապրող պատմաբան Աշոտ Մանուչարյանի փոխանցմամբ, ամրագրված է, որ Գերմանիան պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր դիրքորոշման համար:

Միաժամանակ բանաձեւի 2,5-էջանոց տեքստում, որը նախաձեռնել է քրիստոնեա-դեմոկրատների ընդդիմադիր դաշինքը, բացակայում է «գենոցիդ» բառը: «Սա նշանակում է, որ Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում ընդունել պատմական իրողությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց պատմաբանը: - «Այն փաստը, որ Գերմանիայի Բունդեստագում բաց խոսվում է 1915 թվականին կատարվածի մասին, արդեն պատմական քայլ է, բայց այդ քայլով ցեղասպանությունը չի ճանաչվում»:

Նրա վկայությամբ, խորհրդարանական այսօրվա լսումներում երկու կուսակցության ներկայացուցիչներ այնուամենայնիվ օգտագործել են «գենոցիդ» բառը եւ կատարվածը որակել են ցեղասպանություն:

Բանաձեւի նախագիծը այսօր քվեարկության չի դրվել: Այն ուղարկվել է միջազգային հարաբերությունների հանձնաժողով, որտեղ համաձայնեցվելու է խմբակցությունների հետ, ինչից հետո որոշ ժամանակ անց կրկին կբերվի Բունդեստագ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG