Մատչելիության հղումներ

logo-print

Լիբանանի հայերը պատրաստվում են նշել Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցը


Լիբանանի հայկական համայնքը պատրաստվում է նշել Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին հայկական բոլոր հաստատությունների մասնակցությամբ տեղի կունենան սգո արարողություններ, եկեղեցիներում կմատուցվեն պատարագներ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, անցած դարի 70-ականներին քրիստոնյա հայերի թիվը Լիբանանում հասել է 250 հազարի, սակայն 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին շատերն արտագաղթել են, այժմ Լիբանանում մնացել է շուրջ 120 հազար հայ:

«Մենք տուժել ենք արտագաղթից, ինչպես եւ ետպատերազմական Լիբանանի մնացած բոլոր համայնքները», - «Ֆրանսպրես»-ի թղթակցին ասել է Ժան 0գասաբյանը, որը Լիբանանի 128-տեղանոց խորհրդարանի 6 հայ պատգամավորներից մեկն է:

«Աշխատասեղանիս դարակից երկու տարի է դուրս չեմ հանում Լիբանանի կողմից Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծը: Լիբանանը նոր ճգնաժամի կարիք չունի, մենք նախեւառաջ լիբանանցիներ ենք եւ միշտ երախտապարտ կլինենք Լիբանանին», - ասել է խորհրդարանի հայազգի մեկ ուրիշ պատգամավոր Թոր Սարգսյանը:

«Այսօր Լիբանանի հայերը շատ լավ ինտեգրված են, ապրում են երկրի ամբողջ տարածքում, հոյակապ խոսում են արաբերեն», - ասել է Հայաստանից դուրս հայկական ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատության՝ Հայկազյան վարժարանի արվեստի եւ մշակույթի բաժնի դեկան Արդա Էկմեկջին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG