Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանիայում ապրիլի 24-ին կանցկացվի Ցեղասպանության 90-ամյակին նվիրված հանրահավաք


Իսպանիայի նահանգներից Անդալուզիայում գործող «Արմենիա» մշակութային միությունը ապրիլի 24-ին նահանգի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Մալագայի քաղաքապետարանի դիմացի հրապարակում կազմակերպելու է Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված հանրահավաք:

«Մենք դիմել ենք տեղի իշխանությանը եւ թույլտվություն ենք ստացել ցույց անցկացնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին Մալագայից հեռախոսով ասաց «Արմենիա» միության նախագահ Վազգեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ ակնկալվում է ոչ միայն Մալագայի, այլեւ Անդալուզիայի մյուս քաղաքներում բնակվող հայերի մասնակցությունը: - «Մենք ուզում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Ցեղասպանության զոհերին եւ հնչեցնել մեր պահանջը՝ առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիան իրավունք չունի անդամակցելու Եվրոպայի մեծ ընտանիքին»:

Հակոբյանի խոսքերով, իրենք ակնկալում են, որ հանրահավաքին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլեւ իսպանացիներ:

«Հայկական ոչ մի կոթող չունենք, որ ծաղկեպսակ դնեք, ստիպված գետնի վրա մոմավառություն ենք անելու եւ 90 անգամ պետք է իսպաներեն վանկարկենք՝ «Ճանաչում, դատապարտում եւ կանխարգելում», - ասաց Անդալուզիայի «Արմենիա» միության նախագահ Վազգեն Հակոբյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG