Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա թերթերի ուշադրության առանցքում Ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովն է: Հատուկ ուշադրություն է դարձված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Խուան Մենդեզի երեկվա ելույթին: «Ազգ»-ի մեկնաբանը դիտարկում է. - «Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը նման ելույթ ունենար Հոլոքոստին նվիրված որեւէ գիտաժողովում, ապա հրեաներն, անկասկած, թույլ չէին տա, որ նա շարունակի խոսքը: Ելույթի հենց սկզբից Մենդեզը որեւէ անգամ չհիշատակեց ո՛չ Հայոց ցեղասպանությունը, ո՛չ էլ օգտագործեց հայկական ջարդեր, տառապանքներ կամ նմանատիպ այլ որակումներ»: Թեման արծարծել է նաեւ «Հայկական ժամանակ»-ը. - «ՄԱԿ-ի ներկայացուցչի ելույթը, կարելի է ասել, հավասարակշռությունից հանել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին, որն ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում ելույթը, ասաց, որ ավելի լավ է չասի, թե չէ այնպիսի բաներ է ասելու, որ Հայաստանին ՄԱԿ-ից կհանեն: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն այդ ելույթը տարօրինակ համարեց»:

«Ազգ»-ը հիշեցնում է, որ Բունդեսթագի 172-րդ նիստում այսօր ընթերցվելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Քրիստոնեա-դեմոկրատների եւ Քրիստոնեա սոցիալիստների միության հայտարարության տեքստը: «Բունդեսթագում այսօր մի թանձր ապուր կեփեն, հետո ջուր կլցնեն, կխառնեն, կխառնեն, ու մենք գոլորշին կտեսնենք», - «Ազգ»-ի փոխանցմամբ, ձեւակերպում է Թուրքիայում ծնված գերմանահայերից մեկը»:

«Հայոց աշխարհ»-ը փոխանցում է. - «Թուրքական առաջատար 5 թերթեր հիշատակել են Հռոմի նոր պապի պաշտոնում ընտրված կարդինալ Ռատցինգերի ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցը, որտեղ նա ասել է, որ Օսմանյան կայսրությունն անցյալում պաշարել էր անգամ Վիեննայի դարպասները, եւ որ «Թուրքիան մշտապես հակասության եւ անհաշտության մեջ է Եվրոպայի հետ»: Ռատցինգերը ժամանակին հայտարարել էր, որ Թուրքիան իր տեղը պետք է փնտրի ոչ թե քրիստոնեական արմատներով Եվրոպայում, այլ իսլամական երկրների կազմակերպություններում, եւ որ նա առաջ է տարել այն միտքը, թե Թուրքիան պետք է միանա ոչ թե Եվրամիությանը, այլ արաբական աշխարհին»:

«Ազգ»-ի մեկնաբանը հիշեցնում է 10-ամյա վաղեմության դեպքերը: «Տասը տարի առաջ ճիշտ այս օրերին տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Առաջինը խոսք տրվեց ՀՀ առաջին նախագահի Լեւոն Տեր-Պետրոսյանին», - գրում է թերթը: - «Իր մոտեցումները ներկայացրեց 7 առանձին կետերով, որոնցից երկուսը վերաբերում էր Դաշնակցությանը: Ըստ էության, այդ գիտաժողովը կամա թե ակամա քաղաքականացվեց, ստացավ ներքաղաքական իմաստ, քանի որ Հայոց ցեղասպանության մեջ մեղադրվել էր նաեւ ՀՅԴ-ն, որը դրանից մի քանի ամիս առաջ կասեցվել էր Հայաստանում: Տեր-Պետրոսյանն առաջին կետով անտեղի էր համարել Հայոց ցեղասպանության բացատրությունը հայ եւ թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ռասայական անտագոնիզմով, ինչը վիճարկեցին համաժողովին մասնակցող մի շարք գիտնականներ»:

«Առավոտ»-ի հայացքով, այսօր շատերի համար է պարզ, որ եթե նույնիսկ Հայաստանում ինչ-որ բան կատարվի, ապա դրանում ընդդիմության մասնակցությունը, ջանքը չնչին են լինելու, կամ ընդհանրապես՝ ընդդիմությունը փոփոխությունների հետ որեւէ առնչություն չի ունենալու: Այս դիտարկմանը արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը. - «Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ արտաքին ազդակները սերտորեն կապված են միմյանց հետ: Չի կարելի չնկատել, որ ներքաղաքական իրավիճակը շատ լարված է: Խորքային եթե նայենք, բոլոր պրոբլեմները մնացել են չլուծված, այսինքն՝ պրկված վիճակ է, վառոդի տակառի վիճակ, մի կայծը կարող է պայթյուն առաջացնել: Ուրիշ խնդիր է, որ կան արտաքին քաղաքական գործընթացներ, որոնք իրոք պլանավորված են, մտածված, եւ, անկախ նրանից, թե ընդդիմությունը ի՞նչ քայլ կձեռնարկի, արտաքին քաղաքական գործընթացները տեղի են ունենալու»:

Նույն թերթին Վահան Շիրխանյանը ասել է. - «Ռուսաստանն ինքն իր քաղաքականությամբ ապացուցեց, որ համախմբող դերակատարություն ունենալ չի կարող այդ տարածքում եւ աստիճանաբար կորցնում է իր բոլոր դաշնակիցներին: ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ որդեգրեց մի քաղաքականություն, որով ռուսամետ բնակչությանը վանեց իրենից: Այսօր այդ խնդիրը վերածվել է յուրօրինակ ընտրության՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ Ռուսաստան: Այդ դեպքում, իհարկե, ես ընտրում եմ առաջինը»:

«Հայկական ժամանակ»-ը «Մեր թաղը» վերնագրի տերքո տեղեկացնում է, որ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոնը, առաջադրվելու է Ավանի թաղապետի թեկնածու: «Իսկ թաղապետի ընտրությունները Ավանում, ըստ ամենայնի, տեղի կունենան մայիսի 22-ին, ու չի բացառվում, որ անցնեն մեկ թեկնածուով», - ամփոփում է թերթը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG