Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հինգշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան՝ քննարկելու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում՝ այդ թվում «Կովկասյան քառյակի» եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի նախագահը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի եւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահի այցի նպատակերից է նաեւ «վերակենդանացնել» Հայաստանի, Ադրեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումները «Կովկասյան քառյակի» շրջանակներում:

Թերթի մեջբերել է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլուն խոսքերը, թե «Կովկասյան քառյակի» գաղափարը իր դարն ապրել է:

«ԱՊՀ-ում առանց այն էլ շատ են ենթատարածաշրջանային կառույցները: Բացի այդ, Ադրբեջանը եւ Վրաստանը այժմ մեծ հույսեր են կապում ՎՈւՈւԱՄ-ի հետ», - նշել է Ահմեդօղլուն:

«Կովկասյան քառյակը» նախաձեռնվել էր 1996 թվականին Ռուսաստանի կողմից, եւ դրա շրջանակներում կայացել են պետությունների ղեկավարների, խորհրդարանների խոսնակների, ներքին գործերի նախարարների եւ անվտանգության ազգային խորհուրդների քարտուղարների հանդիպումներ: «Կովկասյան քառյակի» շրջանակներում խորհրդարանների նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2004 թվականի ամռանը:

Մարտի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի նախաձեռնությամբ «Կովկասյան քառյակի» հերթական հանդիպումը կկայանա ապրիլի 22-24-ը Թբիլիսիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG