Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբետր Քոչարյանը չորեքշաբթի օրը կոչ արեց Թուրքիային միանալ անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանդը որպես ցեղասպանությունը ճանաչող երկրներին:

Հայաստանի նախագահի համոզմամբ, Թուրքիայի կողմից նման քայլը խիստ կարեւոր է հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման գործում:

Հայաստանի նախագահը «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովի իր ելույթում շեշտեց. - «Ճանաչումը կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ կտա մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ հնարավորություն կընձեռի նայել դեպի ապագա»:

«Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց՝ առանց ատելության», - շարունակեց Հայաստանի նախագահը։ - «Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ՝ ներկա Հայաստանի շրջափակմամբ։ Մենք բախվել ենք իմաստավորում պահանջող պարադոքսի։ Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը»։

Հայաստանի նախագահը վերահաստատեց, որ Հայաստանը եւ հայկական սփյուռքը շարունակելու են հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

«Այսօր ակնհայտ է, որ Հայկական հարցը քայլ առ քայլ ազատվում է աշխարհաքաղաքական շահերի պատանդը լինելուց, եւ Հայաստանի Հանրապետության գոյությունը լավագույն երաշխիքն է մեր արդար շահերի պաշտպանության ճանապարհին հաջողության հասնելու գործում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում»:

«Մեր հիմնական հարցը Ցեղասպանության ընդունման եւ դատապարտման հարցն է, որ դրվում է Թուրքիայի առջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյնաը, ով նույնպես մասնակցում է համաժողովին: - «Ապագա խնդիրները՝ փոխհատուցումը նյութական եւ տարածքային, թողնենք ապագային: Այսօր պետական մակարդակի բարձրացնել եւ այդպիսի խնդիրներ դնել հարեւան պետության առջեւ, որը դիվանագիտական հարաբերություններ չունի [Հայաստանի հետ], գտնում եմ վաղաժամ»:

Համաժողովի մի քանի տասնյակ մասնակիցների թվում են նաեւ Թուրքիայի ներկայացուցիչներ: Միացյալ Նահանգներում բնակվող, ազգությամբ թուրք Թաներ Աքչամը իր ելույթում ասաց. - «Եթե Թուրքիան ուզում է դառնալ ժողովրդավարական պետություն, պետք է ընդունի անցյալի սխալները եւ փոխհատուցի դրանք: Թե ինչ տեսք կունենա այդ փոխհատուցումը ՝ երկու հասարակությունները պետք է որոշեն»:

Իսկ Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն իր ելույթում ասաց, թե ինքը խնդիր չունի ընդունելու անցյալի սխալները:

«Անցել է այն ժամանակը, երբ պատմաբանները պետք է հավաքվեին եւ հետազոտություն անցկացնեին», - ասաց Բելգեն: - «Ամեն ինչ արդեն հայտնի է: Ինձ համար տեղեկատվություն ստանալու խնդիր չկա»:

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան երբեւէ կընդունի Հայոց ցեղասպանությունը, Բելգեն պատասխանեց. - «Այո, ես վստահ եմ, որ ի վերջո, կընդունի»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG