Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը փոխանցում է. - «Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Թիրզեն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը հնարավոր չէ բացառել»: Տեղեկացնելով այդ մասին՝ թուրքական «Զաման»-ը հայտնել է, որ անդրադառնալով Գերմանիայի միացյալ կուսակցությունների կողմից խորհրդարանին ներկայացված հայկական նախագծի ընդունման-չընդունման հարցին, Թիրզեն ասել է. - «Եթե Հայոց ցեղասպանության իրողությունը ընդունվել է աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից, ապա ինչո՞ւ դա չպետք է անի Գերմանիայի խորհրդարանը նույնպես»:

«Հայկական ժամանակ»-ը մանրամասնում է, որ երեկ Լեհաստանի Սեյմը` խորհրդարանը, հայտարարություն է ընդունել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին. - «Սեյմի նախագահ Վլոդիմեր Չիմոշեւիչը հոտնկայս կարդացել է հայտարարության նախագծի տեքստը, եւ այն միաձայն ընդունվել է սեյմի պատգամավորների կողմից: Բացի այս, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայտարարության տեքստում առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառված գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն եւ նշվում է, որ այս փաստի ճանաչումն աշխարհի բոլոր երկրների եւ բարի կամքի տեր մարդկանց պարտքն է»:

«Ազգ» օրաթերթը, վկայակոչելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ այդ կազմակերպությունը կոչ է անում իր անդամ եկեղեցիներին սույն թվականի ապրիլի 24-ին հիշատակելու Հայոց ցեղասպանությունը: Լուրը հաղորդել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից:

«Հայոց աշխարհ» օրաթերթը փոխանցում է, թե ամերիկյան թերթեր թյուր տեղեկություններ են սպրդում, թե Հայաստանը մերժել է Թուրքիայի վարչապետ Էնդողանի առաջարկությունը: «Թուրքիայի պետական արխիվի կողմից հրապարակվել է նաեւ այն 523 հազար թուրքերի ցուցակը, որոնց իբր 1910-1922 թթ. ընթացքում սպանել են հայերը: Ակնհայտ է, որ այս ողջ կեղծիքը հետապնդում է ոչ միայն «անցյալի ցավոտ հարցերի շուրջ» հայ-թուրքական երկխոսության պատրանք ստեղծելու, այլեւ Հայոց ցեղասպանության փաստը երկու կողմերից սպանվածների թվաքանակի «հաշվապահության» վերածելու նպատակ: Ուրեմն», - շարունակում է «Հայոց աշխարհ»-ը, - «հայկական կողմը, լավ հասկանալով Թուրքիայի վարչապետի նման առաջարկության իմաստը, «այո»՛ կամ «ո՛չ» ասելու խնդիր չպետք է դնի իր առջեւ: Հայկական կողմը պետք է մերժի այս առաջարկի բովանդակությամբ քննարկումներ սկսելու փորձերը եւ դրանց հակադրի սեփական նախաձեռնությունը: Այն է. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ձեւավորել խորհրդարանական հանձնաժողով ոչ թե, այսպես կոչված, «պատմական փաստերը» քննելու, այլ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների բարելավման հիմքերը ձեւավորելու համար»:

«Իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչպես աշխարհքաղաքական շատ հարցերում, Հայաստանի դեպքում էլ Ֆրանսիան եւ Ռուսաստանը հայտնվում են բարիկադների միեւնույն կողմում՝ հակառակ բարիկադին ունենալով ԱՄՆ-ն», - վերլուծում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Արթուր Բաղդասարյանի մոսկովյան այցն առաջին լուրջ քայլն էր Հայաստանում ռուս-ֆրանսիական դաշինքի ձեւավորման ուղղությամբ: Այդ երկու տերություններին հարկավոր է մեկտեղել ջանքերը Հայաստանում ԱՄՆ-ի մոտեցող հեգեմոնիայի առաջն առնելու համար»: «Առաջիկայում Ռուսաստանն ու Ֆրանսիան աշխատելու են կայացնել Արթուր Բաղդասարյան - Արամ Կարապետյան զույգը՝ փորձելով այս դաշինքի մեջ ներգրավել նոր ուժեր: Ամերիկացիները, սակայն, Բաղդասարյանին սեփական տեսադաշտից դուրս չեն թողնում: Նրանք նույնպես աշխատում են ԱԺ նախագահի հետ, բայց՝ բոլորովին այլ դիտանկյունից: Նրանք կարծես վերջնականապես հասկացել են, որ Բաղդասարյանն այն մարդը չէ, որ իրենց հարկավոր է, բայց եւ հսկողության տակ են պահում նրան, որպեսզի վճռական պահին չկարողանա խանգարել իրենց պլանները», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բայց անկախ սրանից ԱՄՆ-ը դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվել: Իհարկե, նրանց հետ գործակցելու հայտ արդեն իսկ ներկայացրել են երեք քաղաքական ֆիգուրներ՝ Արամ Զավենի Սարգսյանը, Արտաշես Գեղամյանը եւ Սերժ Սարգսյանը: Ստեփան Դեմիրճյանը, չգիտես ինչու, այս հարցում չի շտապում: Չեն շտապում նաեւ ամերիկացիները»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG