Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը որեւէ բեկում չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Սերժ Սարգսյանը, ի պատասխան դիտարկման, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են մոտ ապագայում կողմերին ներկայացնել «բեկումնային» առաջարկություն, ասաց, թե «այդպիսի բանի ինքը ծանոթ չէ»:

«Ինչ-որ ժամանակ, իհարկե, եղել է բեկում, բայց այսօր ես հարմար չեմ գտնում այդ մասին խոսելու, որովհետեւ դրա ժամանակը դեռեւս չի եկել՝ դանակը ոսկորին դեռեւս չի հասել», - հայտարարեց նախարարը՝ առանց մանրամասնելու, եւ ավելացրեց. - «Հենց որ հասնի՝ այն ժամանակ խոսելու ենք»:

«Ղարաբաղի հարցում ես նոր սկզբունքներ չեմ տեսնում», - շարունակում է Սերժ Սարգսյանը: - «Իսկ պաշտոնական Ադրբեջանի վերջին հայտարարությունների մասին ասաց, որ դրանք տարբեր կերպ կարելի է մեկնաբանել. բուն դիրքորոշումը կերեւա այն ժամանակ, երբ կողմերը կգան ընդհանուր եզրակացության»:

Խոսելով փոխզիջումների մասին, Սարգսյանը ասաց, որ դրանք «անխուսափելի են»:

«Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը՝ դա իրենց խնդիրն է: Չի կարող փոխզիջում չլինել: Իսկ թե որն է լինելու՝ այն ժամանակ ամբողջ ժողովուրդը միասին որոշելու է», - ասաց նախարարը: - «Այո’, Ադրբեջանում էլ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հնարավոր չէ վերդառնալ 88 թվականին»:

Նախարարը համաձայն չէ նաեւ տեսակետին, թե իր վերջին ելույթն ու ասածները ռեւերանսներ են Արեւմուտքի հանդեպ:

«Ես այդ հրմշտոցին չեմ մասնակցում: Հանրապետությունում, իհարկե, մեծ հրմշտող կա. յուրաքանչյուրը փորձում է իրեն ներկայացնել որպես արեւմտամետ», - ասաց նա:

Ապա պաշտպանության նախարարն անդրադարձավ իր արտահայտած մտքին, որ անվտանգության գոտու հարցը կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների դիմաց: Հարցին, թե որոնք են այն երաշխիքները, որ կարող են բավարար լինել, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե նախ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդ՝ չի կարող լինել անկլավի կարգավիճակում, եւ երրորդ՝ պետք է ունենա հնարավորություն մասնակցելու միջազգային գործընթացներին:

Սարգսյանը նաեւ հերքեց, թե արտաքին ճնշումները հանգեցրել են իր դիրքորոշման փափկեցմանը: Նա հայտարարեց, որ ինքը երբեք որեւէ ճնշում չի զգացել: «Իսկ եթե ճնշում, այդուհանդերձ կա», - շարունակեց նա, - «ապա նույնքան էլ կա Ադրբեջանի վրա»:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով իր նախագահական հավակնությունների մասին մասին հարցին, կրկին ասաց, որ դեռեւս այդ մասին խոսելը վաղը է:

«Բոլորը, ովքեր ցանկանում են, կարող են մասնակցել այդ ընտրություններին», - ասաց նա:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG