Մատչելիության հղումներ

Ինչպես երեքշաբթի օրը հայտարարել է «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը, վերջապես համաձայնություն է ձեռք բերվել «ԱրմենՏել»-ի եւ Հայաստանում բջջային հեռախոսակապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ի միջեւ:

Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Ֆետսիսը հայտարարեց, որ լծորդման ծառայության սակագնի հարցում համաձայնություն է ձեռք բերվել «Ղ-Տելեկոմ» ընկերության հետ: Նրա խոսքերով, անցյալ շաբաթ երկու ընկերությունները համաձայնության են եկել կնքվելիք պայմանագրի հիմնական դրույթների շուրջ: Այժմ իրավաբանները աշխատում են պայմանագրի տեքստի վրա, որի ստորագրումն ակնկալվում է երկու շաբաթվա ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Ղ-Տելեկոմ»-ի մուտքը Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկա ու նրա ցանցի հետ լծորդման հարցերի համաձայնեցումը նշանակո՞ւմ է արդյոք, որ բջջային կապի ծառայությունների սակագները կիջնեն, Ֆետսիսը տվեց ավելի քան դիվանագիտական պատասխան. - «Չեմ կարող բացահայտել կոմերցիոն գաղտնիքը. սա է մրցակցության բանաձեւը՝ բարձ որակ սպառողի համար եւ մատչելի սակագներ»:

Այսօր հրավիրած ասուլիսի առիթը ապրիլի 25-ից «ԱրմենՏել»-ի կողմից ինտերնետ հեռախոսակապի էժան ու մատչելի ծառայություն առաջարկելու մասին հայտարարելն էր: Վասիլիս Ֆետսիսը ասաց, թե իրենց առաջարկած ինտերնետ հեռախոսակապը մոտ հինգ անգամ ավելի էժան է լինելու «ԱրմենՏել»-ի իսկ մատուցած միջազգային ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից:

Հայաստանում ինտերնետ հեռախոսակապ մատուցող մոտ հինգ տասնյակ մասնավոր ընկերությունների հետ «ԱրմենՏել»-ի վեճը կառավարությունը լուծեց հօգուտ կապի մենատիրոջ՝ անցած տարեվերջին վերախմբագրելով «ԱրմենՏել»-ին տրված թիվ 60 լիցենզիան:

Այդուհանդերձ, մինչեւ օրս այդ ընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը։ «ԱրմենՏել»-ը, ինչպես հայտարարեց Ֆետսիսը, նման պայմաններում պարզապես նրանց կզրկի կապից՝ դա բացատրելով իրենց ստանձնած «շատ ծանր պարտավորություններով»:

«ԱրմենՏել»-ը ունի շատ պատասխանատու պարտականություններ եւ մեծ ներդրումային ծրագրեր, որպեսզի կարողանա իր մենաշնորհային իրավունքով տրված ծառայութունները իրականացնել», - ասաց նա:

Ֆետսիսը նաեւ փոխանցեց, որ ինտերնետ հեռախոսակապի մեկ րոպեի համար ավելի ցածր սակագին է սահմանվել, քան նախատեսել է կարգավորող պետական մարմինը: Ասենք, Մոսկվա կամ Լոս Անջելես ինտերնետ հեռախոսազանգի մեկ րոպեի վճարը սահմանվել է 69 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, թեեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունը թույլ է տվել րոպեի համար մինչեւ 100 դրամ սակագին սահմանել։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG