Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մերժեց անցած շաբաթ պաշտոնական Անկարայի կողմից արդեն երկրորդ անգամ հնչեցված առաջարկը՝ ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը կպարզի, թե արդյոք Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն էին:

Անցած ամիս Թուրքիայի վարչապետ Էրդողանն էր կոչ էր արել ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով՝ ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի իշխանությունները մերժել էին այն՝ փաստարկելով, թե նման առաջարկի ընդունումն իսկ կնշանակեր կասկածի տակ առնել ցեղասպանության փաստը: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը անցած շաբաթ կրկին հնչեցրել էր այդ առաջարկը:

«Եթե հանձնաժողով է ստեղծվում, որպեսզի մենք ուղղակի հաստատենք, որ ցեղասպանություն եղել է, ես դրան դեմ եմ», - երկուշաբթի օրը լրագրողներին ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Վերահաստատելու խնդիր եւ չեմ տեսնում: Ես ինքս Ցեղասպանության զոհերից մեկի ժառանգն եմ, բայց այսօր Հայաստանի Հանրապետություն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր անմիջականորեն են զգացել այդ դա, այլ ոչ թե գրքերից են կարդացել»:

Ըստ վարչապետի, նկատի առնելով գալիք աշնանը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ սկսվելիք բանակցությունները՝ վերջինիս անդամակցության շուրջ, հայ-թուրքական հարաբերություններում «տեղաշարժ պետք է լինի»:

«Իսկ թե դա ինչ խորությամբ կլինի, եւ արդյոք դրա արդյունքները մենք կտեսնենք մոտակա տարիներին՝ չեմ կարող ասել», - շարունակեց վարչապետը: - «Բայց, որ սառույցը տեղից շարժվել է, եւ փոփոխությունների ակնկալիք ունենք՝ ինձ մոտ այդպիսի տպավորություն կա»:

Հարցին, թե կոնկրետ ինչպիսիք են այդ ակնկալիքները, Մարգարյանը պատասխանեց. - «Եթե մեր սերնդին կամ իշխանություններին հաջողվի, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ, սահմանները բացում է, տնտեսական հարաբերություններ են լինում, ստեղծվում է այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի է հետագայում առաջացող հարցերը քննարկել՝ սա արդեն առաջընթաց է եւ հաղթանակ է»:

Վարչապետը նաեւ կիսեց երկու տարի առաջ թուրք լրագրող Բիրանդի հետ հարցազրույցում նախագահ Քոչարյանի արտահայտած կարծիքը, թե Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում տարածքային պահանջները «պետության խնդիրը չեն»:

Արձագանքելով 2001-2004 թվականներին գործած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի վերաբերյալ հարցին, Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Ցանկացած երկխոսության կարելի է գնալ... Ցանկացած հանձնաժողով, ցանկացած մակարդակով՝ ե’ւ գործարարների, ե’ւ լրագրողների, ե’ւ խորհրդարանի պատգամավորների»:

Վարչապետը լրագրողների հարցերին պատասխանում էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ մասնակցում էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված մեծ գիտաժողովին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG