Մատչելիության հղումներ

«Լոնդոնում մենք կրկին հաստատեցինք Պրահայի գործընթացը, հստակեցրինք հետագա աշխատանքի հիմնական ուղղությունները: Շատ հարցերի շուրջ նշմարվում է առաջընթաց, սակայն շատ հարցերի շուրջ մենք պետք է շարունակենք աշխատանքը: Այդ պատճառով որոշեցինք նորից հանդիպել ապրիլի 27-ին Ֆրանկֆուրտում», - BBC ռադիոկայանի հարցազրույցում ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Լոնդոնում չհանդիպելու մասին հարցին, Մամեդյարովը նշել է, թե իրեն դժվար է խոսել համանախագահների փոխարեն, թեեւ, ըստ նրա, Ադրբեջանին գոհացնում է ցանկացած տարբերակ՝ կարեւորը առաջընթացն է:

«Նպատակին հասնելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Եվ այս առումով հայկական պատվիրակության հետ ինտենսիվ բանակցություններ են եղել Պրահայում՝ ե’ւ երկկողմ, ե’ւ միջնորդների մասնակցությամբ: Այդ շփումների արդյունքնում ծնվեց Պրահայի գործընթացը, որոշվեց՝ ինչ սահմաններում ենք բանակցելու», - պարզաբանել է նա:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հնարավոր զիջումներին, Մամեդյարովը նշել է, թե կա զիջումների որոշակի սահման:

«Երբ մենք խոսում ենք գրավյալ տարածքների վերադարձի մասին, չեմ կարծում, թե հնարավորություն կա խոսելու Ադրբեջանի կողմից զիջումների մասին: Մենք տուժող կողմ ենք, մեր հողերը օկուպացվել են, մեր մարդիկ քշվել են բնակության վայրերից: Այս համատեքստում դիրքորոշումը որոշակի է՝ այդ մարդիկ պետք է վերադառնան», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ըստ Մամեդյարովի, ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, ապա պարզ է, որ համագործակցությունը՝ փոխադարձ շփումները եւ կապերը, պետք է վերականգնվեն:

«Դա պետք է արվի, եթե մենք որոշել ենք շարժվել առաջ եվրաինտեգրման գործընթացի ուղղությամբ: Մենք արել ենք մեր ընտրությունը, եւ դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության հենասյուներից մեկն է: Եվ մենք կոչ ենք անում, որ հետագա զարգացման ուղղության ընտրությունը հնչեցվի նաեւ մեր հարեւանների կողմից», - նշել է Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG