Մատչելիության հղումներ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ուղղված է Ադրբեջանին»


«Քանի որ մինչ այժմ ադրբեջանցիներն են սուր ճոճում ու ռազմատենչ կոչեր հնչեցնում, ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ուղղված է հենց նրանց», - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած հրադադարի խախտումների կապակցությամբ կապակցությամբ շաբաթ օրը ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

«Այնուամենայնիվ, հայտարարության մեջ նկատվող համանախագահների զգուշավորությունը՝ հրապարակային չանվանել եւ չդատապարտել խախտումների իրական հեղինակներին, չենք կարծում, թե կնպաստի հրադադարի պահպանմանը» - պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, հայտարարել է Գասպարյանը:

Ըստ նրա, Հայաստանը համանախագահ երկրների արտգործանախարարներին եւ ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված իր նամակում բացատրում էր, որ այս խախտումների հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը համոզված է իր անպատժելիության մեջ:

«Բոլորն էլ տեսնում են, թե ով է այսօր ոտնձգություններ անում, եւ բոլորին էլ պարզ է, որ ադրբեջանցիներն են բացահայտորեն խախտում հրադադարը: Այնուամենայնիվ, ոչ մեկը չի քննադատում կամ չի դատապարտում նրանց գործողություններն անվանապես: Դրա արդյունքում ադրբեջանցիները կրկին ու կրկին խախտում են հրադադարը»:

Արտգործնախարարության խոսնակը նշել է նաեւ, որ եթե անցյալում կրակոցներ լինում էին եւ ոչ միշտ էր հայտնի, թե ով է առաջին կրակողը, այսօր ակնհայտ է, որ ադրբեջանցիներն են առաջ մղել իրենց դիրքերը եւ տեսանելիորեն փոփոխության են ենթարկում ստատուս քվոն:

«Ուստի մենք համոզված ենք, որ հրադադարին հավատարիմ մնալու նման ընդհանրական կոչը մեծ օգուտ չի բերի», - ավելացրել է նա: - «Փոխարենը, մենք ակնկալում ենք, որ համանախագահները եւ նրանք, ովքեր շահագրգռված են տարածաշրջանային կայունության պահպանման մեջ, ավելի վճռական քայլեր ձեռնարկեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG