Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի տասնօրյակը


Ապրիլի 18-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կսկսվի Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ֆիլմերի տասնօրյակը:

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ապրիլի 19 – 30-ը օրը երեք անգամ կցուցադրվեն Թերի Ջորջի «Ռուանդա Հյուրանոցը», Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը», Անրի Վեռնոյի «Մայրիկ», Ռոբեր Քեշիշյանի «Արամ» գեղարվեստական, ինչպես նաեւ Մայքլ Հակոբյանի «Ձայներ Ծովակից», Պեա Հոմքուիսթի «Ետ դեպի Արարատ», ԱՄՆ հանրային հեռուսատեսության «Ռուանդայի ուրվականները» եւ Դեյվիդ Մունրոյի «Զերո թվական. Առաջին տարին: Կամբոջայի լուռ մահը» վավերագրական ֆիլմերը:

Իսկ ապրիլի 20-ին Հայաստանի արտգործնախարարության սրահում կբացվի գերմանացի գրող եւ մարդասեր Արմին Վեգների (1876-1978) «Արմին Թ. Վեգները եւ Անատոլիայի հայերը, 1915» լուսանկարների ցուցահանդեսը:

Պարզ լուսանկարչական խցիկով արված 64 լուսանկարները պատկերում են հայոց տառապանքի դրվագները, աքսորի ճանապարհը, սովը, մահը եւ վերապրումի կամքը: Լուսանկարները միաժամանակ պատկերացում են տալիս Վեգներ մարդու եւ արդարության համար պայքարող մարտիկի մասին:

Արմին Թեոֆիլ Վեգներն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընդգրկված էր Գերմանական սանիտարական կորպուսի կազմում եւ 1915թ. սեփական աչքերով տեսել է հայերի կոտորածները Թուրքիայում: Չենթարվելով այդ մասին լռելու հրահանգներին՝ Վեգները հավաքում էր հայերի ջարդերի մասին զանազան տեղեկություններ, հաղորդագրություններ, նշումներ, նամակներ ու լուսանկարներ: Նրան հաջողվում է մեծ դժվարությամբ սարսափների մասին պատմող լուսանկարների որոշ մասը փրկել եւ դրանք ուղարկել Գերմանիա ու Միացյալ Նահանգներ:

1919թ. Վեգները դասախոսություններով հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում եւ պատմել արաբական անապատների խորքերը քշված հայերի տառապանքների մասին, ցուցադրել է դիապոզիտիվներ: Նույն թվականին բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին` ձգտելով հասնել Հայոց ցեղասպանության մեղավորներին պատժելուն: Հանդես է եկել ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանությամբ:

Վեգները երեք անգամ այցելել է Հայաստան` 1927-ին, 1968-ին եւ 1976-ին: Աճյունը տեղափոխվել է Երեւան եւ ամփոփվել Մեծ Եղեռնի զոհերի համալիրի հուշապատի մեջ: Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու Վեգների որդին` Միքելե Վեգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG