Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդները Լոնդոնում առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ


Ուրբաթ օրը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանատանը հանդիպում ունեցան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումը տեղի էր ունեցել երեկ երեկոյան:

«Քննարկում ծավալվեց Պրագյան օրակարգի հարցերի շուրջ: Լոնդոնյան հավաքը նպատակ էր հետապնդում նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա մայիսին նախատեսված հնարավոր հանդիպումը», - հակիրճ հաղորդագրությամբ տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Այսօր Երեւան մեկնելուց առաջ Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ կարճատեւ զրույցում փոխանցել է, թե «որեւէ նորություն համանախագահները չեն ասել»:

Այսօր նաեւ հրապարակվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով կողմերին կոչ են անում դադարեցնել «մարտաշունչ հայտարարությունները»: Համանախագահները նաեւ չեն բացառում «տեսանելի ապագայում» հակամարտության լուծումը գտնելու հնարավորությունը:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը անցած շաբաթ հայտարարել էր, թե լոնդոնյան հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվելու է առաջարկությունների որոշակի փաթեթ: Բանակցություններին մոտ կանգնած հայկական կողմի փոխանցմամբ, որեւէ փաթեթ կողմերին չի ներկայացվել:

Այս շաբաթ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ բանակցություններն առայժմ այն փուլում չեն, որպեսզի հնարավոր լինի առաջարկությունների նման փաթեթի մասին խոսել:

«Ուղղակի այն փուլում չենք, որ հնարավոր լինի մեր բանակցություններից դատելով ինչ-որ փաթեթ դնել», - չորեքշաբթի օրը Երեւանում ասել էր Վարդան Օսկանյանը: - «Բայց, որ մի քանի հարցեր կան, որոնց շուրջ անհրաժեշտ է, որ համանախագահները իմանան նախագահների կարծիքը՝ դա միանշանակ է»:


Գեւորգ Ստամբոլցյան, Լոնդոն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG