Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը մտադիր է սկսել նախագահ Սահակաշվիլիի պաշտոնանկության գործընթաց


Վրաստանի պահպանողականները եւ լեյբորիստները մտադիր են արծարծել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնանկ անելու հարցը:

Պահպանողականների առաջնորդներից Զվիադ Ձիձիգուրին ասել է, թե դրա պատճառ կարող է դառնալ այն, որ իշխանությունները հրաժարվում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրության պրակտիկայից: Ներկայումս թափուր են Քութաիսի, Զեստաֆոնիի, Բաթումիի եւ որոշ այլ քաղաքների ղեկավարների պաշտոնները:

Ձիձիգուրին ասել է, որ պահպանողականները դեմ են քաղաքապետերի նշանակմանը: Եվ եթե Սահակաշվիլին չարձագանքի, կուսակցությունը հանդես կգա նրան պաշտոնանկ անելու առաջարկով:

Լեյբորիստներն էլ նմանօրինակ դիրքորոշում ունեն: Այդ կուսակցության առաջնորդ Շալվա Նատելաշվիլին ասել է, թե լեյբորիստները սկսում են ստորագրահավաք Միխեիլ Սահակաշվիլիին պաշտոնանկ անելու հարցով: Նատելաշվիլին ասել է նաեւ, թե քարոզարշավը գագաթնակետինկհասնի մայիսի 10-ին. Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի այցի օրը լեյբորիստները մտադիր են անցկացնել ցույց «Կորչի՜ Սահակաշվիլիի դիկտատուրան» կարգախոսով:

Ըստ մեկնաբանների, վերջին ժամանակաշրջանում Սահակաշվիլիի վարկանիշը նկատելի անկում է գրանցել:

Վրաստանի նախագահը, մինչդեռ, ըստ «Ռոսբալտ» գործակալության, այսօր երկրի դատախազության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել, թե «իրավիճակը երկրում կփորձեն ապակայունացնել դրսի փողերով»:

«Մենք լավ գիտենք, որ Վրաստանի քաղաքականություն մեծ փող է բերվելու: Ես նախազգուշացնում եմ այն քաղաքական գործիչներին, ովքեր պատրաստվում են դիպչել այդ փողերին՝ դա արգելված է Վրաստանի օրենսդրությամբ: Ես ստույգ գիտեմ, թե երբ եւ որ խողովակներով է փողը մտնելու Վրաստան», - ասել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով, Վրաստանում կփորձեն ապակայունացնել իրավիճակը՝ միջազգային ասպարեզում երկիրը ներկայացնելու իբրեւ ձախողված օրինակ: Ավելին՝ կփորձեն հրահրել կոնֆլիկտներ:

«Վրաստանը պետք է շատ զգույշ լինի: Մենք պարտավոր ենք գիտացել, որ երկրի առջեւ բացվել է բացառիկ հեռանկար: Եվ խոսքը ոչ միայն Ջորջ Բուշի այցի մասին է, թեպետ Ամերիկայի նախագահի այցը Վրաստան ինքնին բացառիկ պատմական երեւույթ է», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG