Մատչելիության հղումներ

«Մելտեքս» ընկերությունը, որի կազմի մեջ է մտնում «Ա1+» հեռուստաընկերությունը, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի փոխանցմամբ, պատրաստվում է վճռաբեկ ատյանում բողոքարկել տնտեսական դատարանի ապրիլի 11-ի որոշումը, որով հեռուստաընկերությունը վտարվում է Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում առնվազն տասը տարի վարձակալած տարածքից:

Ամեն տարի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (նշված շենքի սեփականատիրոջ) հետ թարմացվող պայմանագրում, փաստաբանի խոսքերով, ամրագրված է, որ պայմանագիրը խզելու դեպքում Ակադեմիան փոխհատուցելու է այդ տարածքում «Մելտեքս»-ի կատարած 32 հազար դոլար ներդրումը: Տնտեսական դատարանը չի ընդունել «Մելտեքս»-ի՝ այդ հիմնավորմամբ հակընդդեմ հայցը՝ լսելով ու բավարարելով միայն ակադեմիայի հայցը վտարելու մասին:

Նույն շենքից դատարանի վճռով արդեն վտարվել են «Ինքնորոշում» միավորումը, Մշակույթի հայկական ֆոնդը:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր֊-Եսայանի տպավորությամբ, խնդիր է դրված վտարումն իրականացնել «արագացված ձեւով, շատ դեպքերում՝ օրենքը շրջանցելով»:

«Ես համոզված եմ՝ եթե «Մելտեքս»-ը լիներ իշխանություններին համախոհ կամ համակիր, ապա լավ պայմաններով դուրս կգար: Ե’վ այդ գումարները կտային, ե’ւ շենք կտային», - ավելացրեց Տեր-Եսայանը:

Բողոքը Վճռաբեկում չբավարարվելու դեպքում «Մելտեքս»-ը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG