Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ապրիլի 15-ին Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ: Ծրագրված են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Օսկանյանի փոխանցմամբ, Լոնդոնյան հանդիպումների ֆորմատը որոշել են միջազգային միջնորդները:

Ադրբեջանի ներկայացուցիչները եւ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մինչդեռ, ավելի վաղ հայտարարել էին, թե Օսկանյանը եւ Մամեդյարովը Լոնդոնում հանդիպելու են համանախագահների ներկայությամբ: Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանին անցած շաբաթ ասել էր նաեւ, թե արտգործնախարարներին Լոնդոնում ներկայացվելու է համանախագահների մշակած առաջարկությունների նոր փաթեթ:

Վարդան Օսկանյանը այսօր վստահեցրեց, թե «փաթեթ» տերմինը չափազանցված է:

«Ուղղակի այն փուլում չենք, որ հնարավոր լինի մեր բանակցություններից դատելով ինչ-որ փաթեթ դնել», - ասաց նա: «Բայց, որ մի քանի հարցեր կան, որոնց շուրջ անհրաժեշտ է, որ համանախագահները իմանան նախագահների կարծիքը՝ դա միանշանակ է»:

Օսկանյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչ խնդիրների շուրջ են միջազգային միջնորդները ակնկալում իմանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները: Փոխարենն ասաց, որ համաձայն չէ պնդումներին, թե կողմերն այնքան մոտ են լուծմանը, որ անհրաժեշտ է նախագահների «քաղաքական որոշումը»:

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի՝ գալիք մայիսին Մոսկվայում հնարավոր հանդիպման վերաբերյալ արտգործնախարարը ասաց, թե այդ մասին պաշտոնական պայմանավորվածություն դեռեւս չկա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների հաշվին հայկական կողմի զիջումների մասին, Օսկանյանը ասաց, թե դեռեւս խորհրդարանական լսումների ժամանակ ինքն ասել է, որ այդ տարածքները այսօր պահվում են անվտանգության նպատակներով՝ ձեւակերպելով. եթե տարածքները պետք է պահել Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու ու հետագա կարգավիճակի խնդրի լուծման համար՝ ուրեմն պետք է պահել, եւ եթե պետք է տարածքները տալ՝ ապահովելու համար Ղարաբաղի անվտանգությունն ու ապագան, ուրեմն պետք է տալ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG