Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ստեղծվել է նախընտրական նոր բլոկ


Ադրբեջանում ստեղծվել է «Ենի սիասաթ» («Նոր քաղաքականություն») նախընտրական միավորումը, որի հիմնադրման մասին երեկ երեկոյան հրավիրած ասուլիսում հայտարարել են դրա առաջնորդները:

Ըստ ադրբեջանական «Զերկալո» թերթի, նոր միավորումը ղեկավարում են Ազգային անկախության կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովը (պատվավոր նախագահ), Ազգային միաբանության շարժման առաջնորդ Լալա Շովքեթը, «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովը, Դեմոկրատական մտավորականության միավորման ղեկավար Ալի Մասիմլին եւ մտավորականների մեկ մեկ այլ կազմակերպության ղեկավար Էլդանիզ Գուլիեւը:

Այս մարդիկ ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել: Մասնավորապես, Նամազովը 1993-1999 թվականներին նախկին նախագահ, հանգուցյալ Հեյդար Ալիեւի աշխատակազմի ղեկավարն էր:

«Զերկալո»-ի փոխանցմամբ, նոր բլոկի առաջնորդները հայտարարել են, թե «Ադրբեջանում տիրում է կոռումպացված ավտորիտար կլանային ռեժիմ, որը հայրենիքը հասցրել է անդունդի եզրին, մարդկանց զրկել զարգացած, բարեկեցիկ երկիր ստեղծելու, տարածքային ամբողջականոթյունը վերականգնելու հույսից»:

Նոյեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եւ «Ենի սիասաթ»-ը ոչ միայն թեկնածուներ է առաջադրելու, այլեւ համագործակցելու է մյուս ընդդիմադիր ուժերի հետ:

Նորաստեղծ բլոկի առաջնորդները ասուլիսում ներկայացրել են ծրագրային փաստաթուղթ՝ «7 քայլ հանուն ժողովրդավարական, բարգավաճ եւ միացյալ Ադրբեջանի», որոնցից առաջին վեցի արդյունքում Ադրբեջանը պետք է դառնա «տարածաշրջանի ամենահզոր երկիրը», իսկ վերջինով արդեն ծրագրվում է «ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի արդար լուծում, ազատագրել գրավված տարածքները, վերականգնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG